12/09/2017 17:33
Պետք է շնորհակալ լինենք Ռուբեն Հայրապետյանին մեր ֆուտբոլին տեր կանգնելու համար. Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ է, վստահեցնում է, որ մտահոգված է հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակով։
Aysor.am-ի դիտարկմանը՝ հայկական ֆուտբոլում խայտառակ իրավիճակ է, բոլորը պահանջում են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը, Տարոն Մարգարյանն արձագանքեց, որ այդ կարծիքին չէ։
«Ես այդ կարծիքին չեմ, մենք բոլորս պետք է շնորհակալ լինենք Ռուբեն Հայրապետյանին տասը տարի շարունակ մեր հայկական ֆուտբոլին տեր կանգնելու ու իր մասնավոր ներդրումը դնելու համար», - ասաց Տարոն Մարգարյանը։
Երբ ՀՖՖ գործկոմի անդամին հիշեցրեցինք Ռուբեն Հայրապետյանի խոսքերը՝ եթե Հայաստանի հավաքականը ձախողի ԱԱ-2018-ի որակավորման փուլը, ինքը հրաժարական կտա, Տարոն Մարգարյանն ասաց, որ նման բան չի լսել։
Հարցին՝ այնուամենայնիվ, ինչպե՞ս է գնահատում հայկական ֆուտբոլի ներկայիս իրավիճակը, երբ երեք խաղ անընդմեջ մեր ընտրանին պարտություն է կրում, ՀՖՖ գործկոմի անդամը պատասխանեց. «Բնականաբար, ֆուտբոլ է, այո, լինում են պարտություններ, լինում են նաև հաղթանակներ, երբ լինում են հաղթանակներ, բոլորս ծափ ենք տալիս, երբ լինում են անհաջողություններ, բոլորս սկսում ենք փնովել, ես դրա կողմնակիցը չեմ, մենք միասնական պետք է լինենք մեր ֆուտբոլի ֆեդերացիայի կողքին, մեր ազգային հավաքականի կողքին ու բոլորս պետք է կոչ անենք, որ հաղթենք, ոչ թե անհամբեր սպասենք, թե երբ ենք պարտվելու, ոչ, պետք է անհամբեր սպասենք՝ երբ ենք հաղթելու»։