12/09/2017 15:12
Քաղաքական բռնաճնշումներին նվիրված ցուցահանդեսը պետք է լինի ապաքաղաքական. Հրայր Թովմասյան (Տեսանյութ)
Քաղաքական բռնաճնշումներին նվիրված ցուցահանդեսը պետք է ապաքաղաքական լինի, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի կողմից բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսի փակմանը:
«Տասնյակ օրենքներ ունենք, որոնք բռնադատվածների և աքսորվածների նկատմամբ այլ վերաբերմունք, իրավունքների վերականգնում են նախատեսում: Դրա վերաբերյալ իշխանությունների հանրային ընկալման մեջ ոչինչ չի եղել: Եթե ինչ-որ մեկը դիտարկում է, որ դրանով ինչ-որ հակասովետական բան կա, ես նման ընկալում չունեմ: Ես նման զգացողություն չունեմ», - հայտարարեց Հ.Թովմասյանը։
Ավելի վաղ տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը հայտարարել էր, որ բոլշևիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին նվիրված ցուցադրությունը մշակույթի նախարարության հրահանգով ժամանակից շուտ՝ 22 օր անց փակվել է, քանի որ մի շարք սպառնալիքներ է ստացել ցուցադրությունը նախաձեռնելու համար: