14/09/2017 19:40
60-ի մեջ սարսափելի ոչինչ չկա. Դավիթ Հակոբյանի հոբելյանական օրն անցավ անակնկալներով ու պետական պարգևատրումներով
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը երեկ մարդաշատ էր, քան երբևէ: Առիթը ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ, դերասան Դավիթ Հակոբյանի հոբելյանական երեկոն էր. դերասանն իր 60 ամյակի մեկնարկը սկսեց անակնկալներով, որոնց հեղինակները ոչ միայն ընտանիքի անդամներն էին, այլև` ուսանողներն ու գործընկերները:
«Որպես դերասան, երեկ մի իսկական փորձություն եմ ապրել ու հաղթահարել. նախատեսված էր, որ պետք է մեկ ներկայացում խաղանք, որից հետո շնորհավորանքներ կհնչեն ու հյուրասիրություն կլինի: Բայց գործընկերներս որոշել էին ինձ փորձել ու հասկանալ՝ կարո՞ղ եմ տակից դուրս գալ, թե՞ ոչ: Ներկայացումը մի հատվածից անսպասելի ընդհատվեց ու բեմ մտավ մեկ այլ ներկայացման դերակատարներից մեկը, ում հետ այդ բեմադրության մեջ խաղացել ենք 15 տարի առաջ: Հանպատրաստից սկսեցի այդ տեսարանը խաղալ: Այնուհետև 2-րդը, 3-րդը և այդպես շարունակ… Փաստորեն, ես բեմում տարբեր տարիների մի քանի ներկայացումներից հատվածներ խաղացի: Շատ ուրախացա այս անակնկալից», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց նա:
Բեմական այս անակնկալին իրենց ակտիվ մասնակցությունն էին բերել դերասանի որդին և հարսը, սակայն նրանց հաջողվել էր հայրիկից այդ ամենը գաղտնի պահել:
Ի դեպ, ծննդյան անակնկալներն այդքանով չսահմանափակվեցին, շնորհավորանքներն այսօր էլ նկարահանման հրապարակում շարունակվեցին: Ինչպես ինքն է ժպիտով նշում, անդադար հիշեցնում են, որ 60 տարեկան է:
«Թեև, եթե անկեղծ ասեմ, 60-ի մեջ սարսափելի ոչինչ չկա: Բոլորին խորհուրդ եմ տալիս չվախենալ ու հանգիստ այդ շեմը հաղթահարել: Կարևորը՝ ընտանիքում, աշխատանքում, շրջապատում պետքական ու պահանջված մարդ լինես, այս դեպքում է, որ տարիքդ չես էլ նկատում», - ընդգծեց նա:
Անդրադառնալով այս տարիների ձեռքբերմանն ու կորուստներին, նաև՝ նյութական նվերների կարևորությանը՝ Դ. Հակոբյանը խոստովանեց.
«Գլխավոր ձեռքբերումը ընտանիքս է, կոլեգաներս, ընկերներս, աշակերտներս: Երեկ կրկին համոզվեցի, որ նրանք ինձ շատ են սիրում: Ի՞նչ կա կյանքում առավել կարևոր, քան այն, որ դու մենակ չես: Ցավոք, կորուստներ էլ ունեմ, հարազատներիցս շատերին եմ կորցրել: Բայց ի՞նչ կարող ես անել, կյանքը շարունակվում է… Ինչ վերաբերում է նյութականին, ապա մի շատ լավ խոսք կա՝ «նվիրած ձիու ատամները չեն հաշվում»: Նվերը ոչ թե իր գնով է արժեքավոր, այլ այն մարդով, ով նվիրում է: Նրա էներգիան է դրված այդ նյութականի մեջ»:
Հոբելյարի ուսանողները ժամացույց են նվիրել, որը նաև խորհրդանշական իմաստ ունի:
«Ես անդադար բարկանում եմ իրենց վրա, որ դասից ուշանում են, իրենք էլ փոխանակ իրենց համար գնեն, որ ժամին հետևեն ու չուշանան, ինձ են նվիրել: Այդպես առավել լավ կհետևեմ՝ ով ինչքան է ուշանում… Նաև անսպասելի, այս դեպքում արդեն բարոյական արժեք ներկայացնող նվերներ ստացա. Մշակույթի նախարարությունն ու Թատերական գործիչների միությունն ինձ պարգևատրեցին ոսկե մեդալներով: Թատերական ինստիտուտի ղեկավարության կողմից էլ «Պատվավոր շրջանավարտ» մեդալին արժանացա», -նկատեց մեր զրուցակիցը:
Ծննդյան օրվա մտապահած երազանքը մեկն է՝ ուզում է առողջ լինել ու այնքան ապրել, որ կարողանա ծոռան հարսանիքին պարել:
Aysor.am-ը ևս շնորհավորում է Դավիթ Հակոբյանին՝ մաղթելով բեմական և անձնական նորանոր ձեռքբերումներ: