14/09/2017 12:33
Արմեն Ամիրյանը կնախաձեռնի, որպեսզի «Խավարում» ցուցահանդեսը վերաբացվի (Տեսանյութ)
Ցանկացած ցուցադրություն թանգարանը պետք է համապատասխանեցնի մշակույթի նախարարության հետ, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Արմեն Ամիրյանը՝ խոսելով Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնած բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված փակման մասին:
«Թեմայի հետ կապված մենք որևէ առարկություն չունենք, առավել ևս, տարվա ընթացքում այս թեման մենք արծարծել ենք տարբեր առիթներով: Թանգարանային գիշերն ունեցել է թեմայի ենթավերնագիր, սեպտեմբերի 22-ին Ազգային գրադարանում բացվում է նույն թեմայով ցուցադրություն, հրատարակվել են գրքեր, հանձնարարական ունենք ՀՀ նախագահից մշակել առանձին թանգարան՝ ստալինյան բռնապետության զոհերի հետ կապված», - ասաց Ա. Ամիրյանը:
Նախարարը նշեց, որ ցուցահանդեսի փակման պատճառը աշխատանքային ներքին կանոնակարգն է եղել:
«Ցանկացած ցուցադրություն թանգարանը պիտի համապատասխանեցնի նախարարության հետ, նախարարության ներկայացրած տարեկան սուբսիդիայի պայմաններում որևէ տեղ նշված չկա այս ցուցադրության մասին», - նշեց մշակույթի նախարարը:
Դիտարկմանը, թե 22 օր եղել է ցուցադրությունը, ապա նոր փակվել է, Արմեն Ամիրյանն արձգանքեց. «Սուբսիդիայի պայմաններում կամ առանձին համաձայնեցված ոչ մի պայմանավորվածություն չի եղել նախարարության հետ: Այո, մենք տեղյակ չենք եղել այդ ցուցադրության մասին, ես տեղեկացվել եմ կիսամյակային հաշվետվության ժամանակ՝ բացումից 1 շաբաթ հետո մոտավորապես: Խոսքը աշխատանքային փոխհարաբերություններին է վերաբերում: Մենք առաջարկել ենք վերատեսության ենթարկել, նախարարության համապատասխան վարչության հետ համաձայնեցնել, ձևակերպումներ անելուց հետո ցուցադրությունը նորից կարող է վերականգնվել, բովանդակության հետ կապված ոչ մի առարկություն չունենք», - մանրամասնեց Արմեն Ամիրյանը:
Ինչ վերաբերում է թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հայտարարություններին, թե իրեն սպառնացել են, որպեսզի ցուցադրությունը փակի, նախարարը շեշտեց, թե որևէ մեկն իրավունք չունի թանգարանի տնօրենին սպառնալ:
«Եթե եղել են սպառնալիքներ, ապա սպառնացողը պատասխան կտա», - վստահեցրեց Արմեն Ամիրյանը:
Նախարարը նաև ընդգծեց, որ կնախաձեռնի, որպեսզի ցուցադրությունը վերաբացվի:
«Ես անձնապես որևէ խնդիր չունեմ բովանդակության հետ, որովհետև այնտեղ ցուցադրված նյութում արծարծվում են նաև իմ ազգականների անունները», - նշեց նա:
Արմեն Ամիրյանը նաև ընդգծեց, որ Նարինե Թուխիկյանը լավագույն տնօրեններից է: