14/09/2017 20:10
«Նա, ում սպասում էին» ֆիլմում հումորային ակնարկ է եղել Շառլ Ազնավուրի մասին. պրոդյուսեր Միքայել Դովլաթյանը՝ շանսոնիեի արձագանքի մասին
Ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Նա, ում սպասում էին» կատակերգական ֆիլմը, որի հայաստանյան պրեմիերան տեղի ունեցավ օրեր առաջ սահմանամերձ Խաչիկ գյուղում, այսօրվանից կինոթատրոններում հասանելի է նաև երևանյան հանդիսատեսին:
Ֆիլմի մի քանի էպիզոդներում հումորային որոշակի անդրադարձներ են եղել Շառլ Ազնավուրին. նուրբ հումորի լեզվով ակնարկվում է մեծն շանսոնիեի անվան փոփոխությունն ու քթի վիրահատությանը, Էդիտ Պիաֆի կողմից դրսևորված համակրանքն ու «պատրոնաժությունը»…
Aysor.am-ը ֆիլմի պրոդյուսեր, դերասան Միքայել Դովլաթյանից հետաքրքրվեց՝ արդյոք համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ երգիչը տեղյակ է իր մասին հումորային անդրադարձին և ինչպիսի՞ն է եղել վերջինիս արձագանքը:
Պարզվեց, որ «Նա, ում սպասում էին» ֆիլմի առաջին հանդիսատեսը հենց Շառլ Ազնավուրն է եղել:
«Մենք Հայաստանում հատուկ ցուցադրություն կազմակերպեցինք: Մոսկվա կինոթատրոնի փոքր դահլիճում Շառլ Ազնավուրն ու մենք առաջին անգամ ֆիլմը նայեցինք. նա էկրանին էր նայում, մենք՝ իր դեմքին՝ որսալու ամեն մի արտահայտությունը, միմիկան: Պարբերաբար ժպտում էր, ծիծաղում… Հասկացանք, որ ֆիլմում ոչ միայն իր հատվածը, այլև՝ ամբողջ հաղորդագրությունն է իրեն դուր եկել: Ավարտից հետո միասին քննարկեցինք ու համոզվեցինք, որ ճիշտ ենք որսացել նրա արձագանքը», - մեզ հետ զրույցում տեղեկացրեց Միքայել Դովլաթյանը: