15/09/2017 18:05
140 տարի անց առաջին անգամ եվրոպական նոտագրությամբ լույս տեսավ հայ եկեղեցու գլխավոր ծիսական մատյաններից մեկը՝ Ժամագիրքը. Լուսանկարներ
Օրերս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս տեսավ Ժամագիրքը, որը քրիստոնեական եկեղեցու հնագույն երաժշտածիսական մատյաններից է, հայ եկեղեցական արարողակարգին և տոներին պատշաճեցված աղոթքների, հոգևոր երգերի, քարոզների հիմնական ժողովածուն, տեղեկացնում եմ «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի լրատվական ծառայությունից:
Նախաձեռնության հեղինակը «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Արթուր Ջանիբեկյան է:
Ժամագիրքը եվրոպական նոտագրությամբ երբևէ չի հրատարակվել: Այն 1877 թվականին Համբարձում Լիմոնջյանի հայկական նոտագրության համակարգով գրառել է երաժշտագետ, կոմպոզիտոր Նիկողայոս Թաշճյանը:
Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Երևանի Կոմիտասի անվ. պետ. կոնսերվատորիայի ֆոլկլորագիտության ամբիոնի դասախոսների և ուսանողների համատեղ ջանքերով ժամագիրքը փոխադրվել է եվրոպական նոտագրության: 960 էջից բաղկացած այս ակադեմիական հրատարակությունը՝ Ժամագիրքը, ներկայումս թվայնացված է, հագեցված երաժշտագիտական նախաբանով, գրքում հանդիպող եզրերի (տերմինների) բառարանով, երգային նմուշների ամբողջական ցանկով՝ այս ամենը հայերեն և անգլերեն:
Մի քանի ամիս առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ վերահրատարակվել է Մակար Եկմալյանի՝ երգչախմբի համար գրված Սուրբ Պատարագը: Գիրքը վերահրատարակվում է նոտագրության ժամանակակից չափանիշներին համապատասխան, լատինատառ տրանսլիտերացիայով, նախաբանով, երաժշտագիտական վերլուծություններով և դրանց անգլերեն թարգմանությամբ` հայ եկեղեցու գլխավոր ծեսի` այս կարևորագույն նմուշը միջազգային հանրությանը և սփյուռքին հասանելի դարձնելու համար:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմազան ու մեծ արժեք ներկայացնող այս երաժշտությունը գրեթե ներկայացված չէ միջազգային երաժշտասեր հանրությանը, և հատկապես վակուումային վիճակում է գտնվում հայ երաժշտության նոտաների ոլորտը 2014 թվականին «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից ձևավորված աշխատանքային խումբը ստանձնեց ժողովրդական, աշուղական և հոգևոր երաժշտության` ձեռագիր և նախկինում տպագրված նոտաների ուսումնասիրությունը:
Արդյունքում ընտրվեցին երաժշտական ամենաարժեքավոր նմուշները և սկսվեց դրանց թվայնացման ու վերահրատարակման գործընթացը, ինչպես նաև ձեռնարկվեց հայերեն տեքստերի լատինատառ տրանսլիտերացիայի (տառադարձության) և ծանոթագրական նյութերի պատրաստումն ու դրանց անգլերեն թարգմանությունը:
Շնորհիվ այս նախագծի` վերջապես, 100 տարի անց, իրականացավ Կոմիտաս Վարդապետի ծրագիրը. լույս տեսավ նրա կողմից կազմված «Հազար ու մի խաղ» 100 ժողովրդական երգերի ընտրանին, որն անվճար հատկացվել է գրադարաններին, ուսումնական և հոգևոր հաստատություններին, աշխարհասփյուռ հայ համայնքներին և այլն:
Հարյուրից ավելի մարդկանց արդյունավետ համագործակցության շնորհիվ ստեղծվեց առցանց երաժշտական ձայնադարան, տեսադարան և գրադարան` հետևյալ հասցեով, որտեղ զետեղված են հայ ժողովրդական, հոգևոր և աշուղական երաժշտության հարյուրավոր գոհարներ` Հայաստանի լավագույն երաժիշտների բարձրաճաշակ ավտենտիկ կատարումներով: Բոլոր հոգևոր և ժողովրդական երկերը ներկայացված են նաև համապատասխան նոտաներով:
Կայքն այսուհետև հասանելի է նաև բջջային հավելվածի տեսքով՝ IOS և Android օպերացիոն համակարգերի համար: