15/09/2017 23:42
«Մանր և ոչ ամենախելացին». Բլոգեր Լապշինը պատմում է ադրբեջանական միկրոթագավորության մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն ադրբեջանական բանտում մի քանի ամիս անցկացնելուց հետո այժմ գտնվում է Իսրայելում, խոստացել է, որ մոտ օրերին` վերականգնվելուն զուգընթաց, ընթերցողներին կուրախացնի ադրբեջանական միկրոթագավորության իրական խելագար արարքների մասին պատմություններով:
«Եվ իրականում` մանր և ոչ ամենախելացի: Օրինակ, Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ, ոմն Ռուստամ Ուսուբովը գիտե՞ք, ինչպես է բացատրել մեղադրանքների մի մասն այն մասին, իբր ես համագործակցում եմ հայկական հատուկ ծառայությունների հետ: 12.06.2017-ի մեղադրական ակտի եզրակացությունից մեջբերում. «...Լապշինի ֆեյսբուքյան էջում ընթերցողների շարքում այնպիսի «ծայրահեղականի» առկայությունն, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի տուրիզմի գրասենյակի նախկին ղեկավար Սերգեյ Շահվերդյանը լիովին ապացուցում է Լապշինի համագործակցությունը Հայաստանի հատուկ ծառայությունների հետ և նրա աջակցությունը Ադրբեջանի հողերի զավթմանը...»:
«Ադրբեջանցի պինկերթոններն իրենք իրենց գերազանցել են: Բայց նույնիսկ չգիտեի, որ նման հետաքրքիր անձնավորությունն, ինչպես Սերգեյ Շահվերդյանն է, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում զբոսաշրջության զարգացման և անտիկ հուշարձանների պահպանման գործով, կարդում է ինձ: Սերգեյ Շահվերդյան, այժմ մենք պարտավոր ենք ծանոթանալ: Շնորհակալություն ադրբեջանցի «միջնորդներին», դատախազի տեղակալ Ուսուբովին և արհեստավարժ հետախույց արդարադատության գնդապետ Քամալ Թալիբովին:
Հիշում եմ, որ Թալաբովը ինձ համոզում էր, ասում էր, կարո՞ղ է արդյոք սովորական մարդն այդքան շատ հայ ընկերներ ունենալ: Դա «աննորմալ» է: Ադրբեջանական քննիչները նույնպես հաշվել են, որ իմ ընթերցողների 5,7 տոկոսը հայկական ազգանուն ունեցողներ են: Գրողը տանի: Ձեզ չի՞ թվում, որ Գեբբելսի ոճով նացիզմի հոտ է գալիս: Համենայնդեպս, ամենայն լրջությամբ տպեցին բոլոր այն մարդկանց անձնական էջերը, ովքեր ունեն հայկական անզգանուններ և իմ ընկերների ցուցակում են, կամ բոլգերում հետևում են ինձ: Դրա վրա նրանք ծախսել են մի քանի կիլոգրամ թուղթ», - գրել է բլոգերը ֆեյսբուքյան իր էջում:
Ի դեպ, նշենք, որ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը սեպտեմբերի 18-ին «Հայաստան-Սփյուռք» համահայկական վեցերորդ համաժողովին հանդես է գալու «Արցախի զբոսաշրջության դիվերսիֆիկացումը՝ որպես բնագավառի զարգացման գործոն»։