15/09/2017 19:04
Ալեքսանդր Օնիշենկոյի աշխատանքները ներկայացվեցին Սարյանի տուն-թանգարանում
Չեխաբնակ հայտնի նկարիչ Ալեքսանդր Օնիշենկոյի իմպրեսիոնիստական աշխատանքներն առաջին անգամ ներկայացված են Հայաստանում: Նկարչի անհատական ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:
Տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, ողջունելով ներկաներին, ուրախությամբ նշեց, որ Օնիշենկոն դարձավ այն առաջին նկարիչը, ով իր անհատական ցուցահանդեսով ներկայանում է թանգարանում:
«Կարծում եմ սա կարևոր և յուրահատուկ սկիզբ է: Այս աշխատանքներում նոր հայացք կա իմպրոսիոնիզմին, արտացոլում են նկարչի հոգին, ռոմանտիկ են և անկեղծ»,- ասաց նա:
Ցուցահանդեսի կազմակերպիչը «Ծիրանի» մշակութային հանգույցն է: Խորհրդի անդամ Նարեկ Աշուղաթոյանը կարևորեց օտարազգի արտիստների աշխատանքների ներկայացվածությունը Հայաստանում:
«Կարևոր է բերել այդ աշխատանքները և հայ հանրությանը ցույց տալ, թե ինչպես են մտածում և մեկնաբանում նրանք»,- նշեց նա:
Ալեքսանդր Օնիշենկոն առանձնանում է սև կտավի վրա ստեղծագործելու յուրահատուկ տեխնիկայով: Սեփական բնութագրմամբ՝ աշխատանքները նոր իմպրոսիոնիստական ուղղվածություն ունեն, ինչը չպետք է շփոթել նեոիմպրեսիոնիզմի հետ: Նրա աշխատանքներում մուգ տոներին փոխարինելու են գալիս բացերը՝ այդպիսով առավել ընգծելով գունային կոնտրաստն ու վառ երանգները:
Նկարչի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է լինել առաջին նկարիչը, ով իր ցուցահանդեսով ներկայանում է Սարյանի տուն-թանգարանում:
«Սա իրական մարտահրավեր է ինձ համար: Այս ամենից հետո ևս մեկ անգամ վերահաստատվում է այն հանգամանքը, որ գեղեցկությունը կփրկի աշխատանքը: Ուզում եմ շարունակել ապրել և անել այն, ինչ կարող եմ», - նշեց Օնիշենկոն:
Նկարչի աշխատանքների թեմատիկ ուղղվածությունը շատ լայն է, նրա վրձնի օգնությամբ նոր շունչ են ստանում առարկաներն ու բնությունը: Այնուամենայնիվ, հատկապես ուշագրավ են Օնիշենկոյի՝ Պրահայի տեսարաններով կտավները, որոնք արված են թռչնի թռիչքի բարձրությունից՝ Պրահայի տանիքներից:
Օնիշենկոյի աշխատանքները ցուցադրվել են Գերմանիայում, Հնդկաստանում, Շվեդիայում, Հունգարիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում և շատ այլ երկրներում: Նկարիչը Պրահայում ունի իր մշտական պատկերասրահը, որտեղ ցուցադրվում են սեփական իմպրեսիոնիստական աշխատանքները:
Հայ արվեստասերները հնարավորություն կունենան դիտելու ներկայացված աշխատանքները մինչև սեպտեմբերի 17-ը: