15/09/2017 15:57
Սոնա Ասատրյանը՝ շախմատի մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
Ռումինիայի Մամայա քաղաքում ավարտվել է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որն անցկացվում էր Մ-8, Մ-10, Մ-12, Մ-14, Մ-16 և Մ-18 տարիքային խմբերով:
Պատանիների և աղջիկների մրցաշարերն անցկացվում էին առանձին:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայից հայտնում են, որ մինչև 18 տարեկան աղջիկների պայքարում հիանալի է հանդես եկել Սոնա Ասատրյանը: Նա 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և հռչակվել Եվրոպայի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոնուհի:
Ասատրյանը նաև 128 կետով բարձրացրել է անհատական վարկանիշը:
Մինչև 16 տարեկան աղջիկների առաջնությունում հանդես եկող Աննա Սարգսյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 2-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Սարգսյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Մինչև 10 տարեկան տղաների առաջնությունում հանդես եկող Ռոբերտ Փիլիպոսյանը 7 միավորով կիսել է 3-7-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հայտնվել 6-րդ հորիզոնականում:
Մեդալ նվաճելու լավ հնարավորություն ունեին մինչև 18 տարեկան տղաների պայքարում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը և մինչև 16 տարեկան տղաների պայքարում հանդես եկող Շանթ Սարգսյանը: Երկուսն էլ վերջին տուրից առաջ իրենց ենթախմբերում կիսում էին առաջին հորիզոնականը, սակայն որոշիչ պարտիայում երկուսն էլ պարտություն են կրել և զիջել իրենց դիրքերը: