15/09/2017 22:52
Ալեքսանդր Լապշին. Հայեր, դիմացեք, ադրբեջանցիները ցանկանում են ձեզ մահացած տեսնել
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի բանտից Իսրայել վերադառնալուց հետո սկսել է կրկին անձամբ վարել Facebook-ում և LiveJournal-ում իր էջերը:
Այսօր նա, մասնավորապես, գրել է.
«Ամոթ է խոստովանել, բայց մինչև ազերյան բանտում հայտնվելը ես անկեղծորեն կարծում էի, որ ղարաբաղյան հակամարտությունը շատ վիճելի է և պետք է լուծվի Ադրբեջանի ազգային սահմանների հարգանքով։ Ինչ հիմար եմ եղել։ Դեռ 1988 թվականին Ադրբեջանը սկսել է ահաբեկչությունը Սումգայիթի, Բաքվի և Ղարաբաղի հայերի նկատմամբ: Նացիստական juden frei սխեմայով՝ միայն հայերի, այլ ոչ թե հրեաների դեմ։
Չնայած, Ադրբեջանի հրեաների 95 տոկոսը երկրից փախել է մոտավորապես այն նույն ժամանակաշրջանում, երբ հակամարտություն է սկսվել Ղարաբաղում։ Մեղքից հեռու՝ հայերի վերջը կտան, կանցնեն հրեաներին. դա ժառանգական հիշողություն է։ Այսօր հրեաներին Ադրբեջանում սիրում են, չէ որ հրեաներ այնտեղ գրեթե չկան, երկու հազարից էլ քիչ են։ Խորհրդային Միության փլուզումից առաջ նրանց թիվը գրեթե 100 հազար էր կազմում։
Մինչդեռ, իմ դեմ մեղադրական ակտում Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովի ստորագրությամբ բառացիորեն հետևյալն է գրված (մեջբերում)․ «․․․մեղադրյալ Լապշինը զավթված Ղարաբաղյան շրջանը կոչել է «Արցախ», ինչն ապացուցում է նրա անջատողական գործողությունները»:
Ուշագրավ է , որ առավոտից գիշեր հանդուրժողականության մասին պնդող Ադրբեջանը Ղարաբաղի հայկական անվանումն՝ Արցախը, ապօրինի է համարում։ Այսինքն, հայերենը օրենքից դուրս է, հայերը չպետք է խոսեն մայրենի լեզվով, ունենան իրենց հավատքը և առհասարակ (մեջբերում քննիչ Թալիբովի խոսքից) «․․․ Հայոց ցեղասպանությունը հորինված բան է, եթե թուրքերը նրանց կոտորեին՝ մենք ավելի քիչ խնդիրներ կունենայինք․․․»։
Գեբելսը նյարդայնացած ծխում է։
Հայեր, դիմացեք։ Այս մարդիկ ցանկանում են ձեզ տեսնել մահացած և վերջ։ Եվ, եթե դուք բանակցությունների կամ Հայաստանի դիրքորոշման թուլացման հետևանքով կորցնեք Ղարաբաղը՝ իմացեք, որ նրանք կգան ձեզ կոտորելու։ Ինչպես թուրքերը 100 տարի առաջ։ Գազանացումն արդեն անցել է բոլոր թույլատրելի սահմանները»: