18/09/2017 12:17
Մենք հարկադրված ենք առավել մեծ ուշադրություն դարձնել մեր պաշտպանական համակարգին. Կարեն Միրզոյան
Չնայած հայկական երկու պետությունների բոլոր ջանքերին, որոնք իրենց օժանդակությունն են ստանում նաև միջազգային հանրության, մասնավորապես, հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդների կողմից, Ադրբեջանը շարունակ փորձում է հիմնահարցը լուծել հօգուտ իրեն՝ չխորշելով ռազմական ճանապարհից, Հայաստան-Սփյուռք համաժողովին հայտարարեց Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը։
«Իր բոլոր քայլերով, հատկապես 2016 թ ապրիլյան ագրեսիային հաջորդած ժամանակաշրջանում Ադրբեջանը մեծացնում է լարվածությունը հակամարտության գործում, տապալում ցանկացած խաղաղարար նախաձեռնություն, հետևողական քայլեր ձեռնարկում՝ ուղղված Արցախի մեկուսացմանը, իր հասարակության մեջ տարածում է այլատյացություն և ռազմամոլություն՝ դրանով իսկ խորացնելով անվստահությունը հակամարտող կողմերի միջև և վտանգելով ադրբեջանաղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման ողջ գործընթացը», - ասաց Արցախի արտգործնախարարը։
Կարեն Միրզոյանը նշեց՝ Ադրբեջանը սանձազերծել է սպառազինությունների իսկական մրցավազք, ինչը մտահոգիչ հանգամանք է ոչ միայն հայկական երկու պետությունների, այլ՝ տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից։
«Ստեղծված պայմաններում մենք հարկադրված ենք առավել մեծ ուշադրություն դարձնել մեր պաշտպանական համակարգի և բանակի կատարելագործմանն ու արդիականացմանը՝ որպես տարածաշրջանում Ադրբեջանի ռազմատենչ նկրտումների զսպման և կայունության ապահովման հիմնական գործոնի», - ընդգծեց Կարեն Միրզոյանը։
Նա ասաց նաև, որ Ադրբեջանի ռազմատենչ պահվածքը 99 տոկոսով պայմանավորված է բանակցային սեղանից Արցախի բացակայությամբ։