18/09/2017 11:20
Չի կարող լինել կայուն խաղաղություն, մինչև Ադրբեջանը չհամակերպվի միջազգային հանրության կողմից ամրագրված սկզբունքների գոյության հետ. Սերժ Սարգսյան
2016-ի ապրիլին մեր ժողովրդին նորից պարտադրվեց պատերազմ, և մենք նորից պատվով դիմագրավեցինք հակառակորդի կողմից նախնադարյան մտածողության արգասիք վայրագությանը, Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի ժամանակ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այսօր մենք պետք է դրվատենք մեր զինվորների և սպաների անձնվիրությունը, հերոսությունը և մարտական ոգին, բայց պետք է չմոռանանք, որ կարճատև պատերազմում մենք ունեցանք նաև կորուստներ: Փա՛ռք ու պատիվ մեր զինված ուժերին», - նշեց Ս.Սարգսյանը:
Նրա խոսքով, 2016-ի ապրիլին մենք կրկին ցույց տվեցինք աշխարհին մեր միասնականությունը և հայի անկոտրում ոգու ուժը: «Մենք համախմբվեցինք, լարեցինք մեր ուժերը մարտի դաշտում, որպեսզի այնուհետև ամրագրենք մեր շահերը բանակցությունների սեղանի շուրջ: Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ միջազգային դատարանները, համոզված եմ, դեռ իրենց վճիռները կկայացնեն», - ասաց Ս.Սարգսյանը:
Նրա խոսքով, Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը, և «համաշխարհային հանրության առջև մենք կատարում ենք մեր միջազգային պարտավորությունները»:
«Հայ զինվորն է այստեղ պահպանում խաղաղությունը՝ իրականության հետ կապը կորցրած հարևան երկրի իշխանությունների դեմ: Ադրբեջանի իշխանությունների կողմից հայատյացության քարոզը երկրի ներսում և այդ քարոզչությունը միջազգային ասպարեզ արտահանելու փորձերը ստեղծում են մի վիճակ, երբ հայ հասարակությունը` Արցախում, Հայաստանում ու սփյուռքում ավելի է կարծրացնելու փոխզիջման պատրաստ իր դիրքորոշումը», - նշեց ՀՀ նախագահը:
Նա ընդգծեց, որ չի կարող լինել որևէ կայուն խաղաղություն, մինչև Ադրբեջանի ղեկավարությունը չհամակերպվի միջազգային հանրության կողմից ամրագրված սկզբունքների գոյության հետ:
«Մենք համոզված ենք, որ միջազգային խաղաղության պահպանման և հակամարտությունների կանխարգելման համար կարևոր է մարդու իրավունքների, այդ թվում՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքների իրացումը, քանի որ գրեթե բոլոր դեպքերում այդ իրավունքի սահմանափակումը առաջացնում է քաղաքական ճգնաժամ և ապա՝ պատերազմ:
Վերջին տասնամյակում, ինչո՞ւ ոչ՝ անգամ 1994-ի մայիսից շատ է խոսվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, կարգավորման տարրերի և սկզբունքների մասին: Դուք էլ այս համաժողովի ընթացքում անկասկած կքննարկեք խնդիրը՝ դիտարկելով այն բոլոր հնարավոր տեսանկյուններից:
Անհրաժեշտ եմ համարում արձանագրել, որ պետության դիրքորոշումը մնացել է նույնը՝ Արցախի Հանրապետության բնակչությունը ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք, և պարբերաբար անցկացվող հերթական ընտրություններով, պետական կայուն համակարգով, զարգացող տնտեսությամբ ու հայրենասեր քաղաքացիների ջանքերով ամեն օր իրացնում է իր այդ իրավունքը:
Արցախի քաղաքացիների կողմից իրենց անօտարելի իրավունքի իրացումը պատմական փաստ է: Մնացյալ հարցերը կարելի է կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով: Տարիների ընթացքում, չնայած բոլոր տեսակի քաղաքական առասպելներին մենք ապացուցել ենք, այս ուղուց մեզ շեղել հնարավոր չէ», - ասաց Ս.Սարգսյանը: