18/09/2017 16:21
Բանակցային գործընթացին այլընտրանք չկա. Էդվարդ Նալբանդյան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման հիմնարար սկզբունքներից մեկը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչումն է, Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ժողովրդի ինքնորոշման իրավունքը ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման ու տարածքային ամբողջականության հետ միասին աներկբայորեն ամրագրված է որպես Ղարաբաղյան հիմանախնդրի հանգուցալուծման հիմնարար սկզբունքներից մեկը, ինչն ամրագրված է մի շարք միջազգային կառույցների փաստաթղթերում», - նշեց նախարարը:
Վերջինս նկատեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ընդունում է եռանախագահների սկզբունքները որպես բանակցությունների հիմք, մինչդեռ Ադրբեջանը շարունակաբար հրաժարվում է դրանք ընդունել և հրաժարվում է միանալ այն միջազգային փաստաթղթերին, որոնք դրանց են հղում անում:
«Պարզ է, որ չի կարող հակամարտության հանգուցալուծում լինել, մինչև Ադրբեջանը չընդունի միջազգային իրավունքի այս սկզբունքները: Փոխարենը Բաքուն նախընտրում է ինչ-ինչ մտացածին սցենարներ հորինել, համանախագահներին երևակայական առաջարկություններ վերագրել: Այս մտավարժանքները իրականության հետ ոչ մի կապ չունեն», - նշեց Էդվարդ Նալբանդյանը:
Վերջինս ընդգծեց, որ Ադրբեջանը շարունակաբար փորձում է խաթարել բանակցային գործընթացը, բանակցային սեղանի շուրջ համաձայնությունների ձեռքբերումը մեծ ջանքեր է պահանջում:
«Ոչինչ աննկատ չի անցնում և ամեն ինչին չափ ու սահման կա: Սրա վառ ապացույը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններն են, որոնք նպատակ են հետապնդում ուշքի բերել Արդբեջանին, եռանախագահները սկսել են մատնանշել, որ հենց Ադրբեջանն է զինադադարի խախտման կողմը և կոչ անել Արդբեջանին վերահաստատել հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը», - նշեց նախարարը:
Նալբանդյանը նաև նկատեց, որ Ադրբեջանի կողմից տարվող մարտավարությունը հարցեր է առաջացնում՝ արժե արդյոք շարունակել ջանք ու եռանդ ներդնել մի գործընթացում, որի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները Բաքուն, միևնույն է, չի կատարելու:
«Այս հարցի պատասխանը հստակ է՝ Հայաստանն ու Արցախը խաղաղ կարգավորման ջատագով են, իսկ դրան հասնել հնարավոր է միայն բանակցությունների միջոցով: Բանակցային գործընթացին այլընտրանք չկա», - հավելեց նա: