18/09/2017 17:41
Արմեն Ամիրյանի՝ երբեմնի անիրականանալի թվացող նախագիծն այսօր արդեն իրականություն է
Սեպտեմբերի 16-ին Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրում «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ համանուն երաժշտական այգի-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը:
Այգում տեղադրվել են հայկական երաժշտությունը,նվագարանները, երգարվեստը խորհրդանշող 10 բրոնզաձույլ արձաններ, որոնց քանդակագործն է Յուրի Պետրոսյանը: Ըստ նրա նախագծի` վերևից այգու վրա բացվող տեսարանը ` իր ճեմուղիներով և արձաններով, նմանվում է ջութակի կիսաիրանի:
Արարողությանը ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը,ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը,Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամները:
«Համոզված եմ, որ այս այգին պետք է դառնա մեր բոլորի ամենասիրելի վայրերից մեկը: Այս արձանները մեր դարավոր մշակույթի արտահայտման ձևն են: Այգին հնարավորություն կտա կազմակերպել փառատոներ և ունենալ հյուրեր տարբեր երկրներից»,- նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Արմեն Ամիրյանն էլ ավելացրեց.
«Այս վայրը մի յուրահատուկ սրբատեղի է մեր երաժշտական արվեստի համար, որը ներկայացվում է շատ գեղեցիկ և բացառիկ ձևով»:
Քանդակագործ Յուրի Պետրոսյանը, ով բազմաթիվ աշխատանքների հեղինակ է, շնորհավորեց ներկաներին: Նրա խոսքով՝ օրն, իսկապես, իրադարձային էր և տոնական: