18/09/2017 18:21
«Հետհաշվարկ». Էրիկ Օհանյանը՝ Հայաստան վերադարձի պատճառների և ֆիլմում զբաղվածության մասին
Արմենիա Պրեմիումն աշնանային եթերաշրջանում հեռուստադիտողին կներկայանա նաև 25 մասից բաղկացած «Հետհաշվարկ» ֆիլմով, որը կրկին Անահիտ Մխիթարյան-Ելենա Արշակյան սցենարիստ-պրոդյուսեր, ռեժիսոր համատեղ աշխատանքն է: Բազմասերրիանոց ֆիլմի գեղարվեստական մասին հեռուստադիտողը դեռ ծանոթ չէ, սակայն ներգրավված արտիստների ցանկը հավատ է ներշնչում, որ այն սերիալային պատկեր չի ունենա ու հերթականը չի դառնա:
Ֆիլմում նկարահանվել են Խորեն Լևոնյանը, Սոս Ջանիբեկյանը, Անի Երանյանը, Գուժ Մանուկյանը, Քրիստինա Կույումչյանը և այլք: Հատուկ այս ֆիլմում նկարահանվելու համար Հայաստան է վերադարձել վերջին տարիներին Ռուսաստանի Դաշնություն տեղափոխված մարզիկ Էրիկ Օհանյանը, ով հեռուստադիտողին ծանոթ է նաև մի շարք ֆիլմերից ու սերիալներից: Ի դեպ, վերջինս «Հետհաշվարկում» հանդես է գալիս ոչ միայն որպես դերասան, այլև մարտական տեսարանների բեմադրող տնօրեն:
«Երբ Մոսկվայում էի, տեղեկացա, որ նկարահանումների համար Ելենա Արշակյանը նույնպես այնտեղ է գտնվում: Հանդիպման ժամանակ ասաց, որ աշնանը մեծ նախագիծ է ձեռնարկելու, հնարավոր է՝ իմ անհրաժեշտությունն այդ պրոյեկտում լինի: Ես երբեք նրա առաջարկները չեմ կարողացել մերժել ու նախնական համաձայնություն տվեցի: 5-6 ամիս անց զանգահարեց ու ինձ Հայաստան հրավիրեց: Երբ եկա ու նախագծին ծանոթացա, հասկացա՝ մեծ մասշտաբի աշխատանք է սկսել՝ թրիլերի ժանրում նկարահանվող հեռուստանովել, որը 25 մասից է բաղկացած: Քանի որ ժանրը ինձ շատ հարազատ էր, մեծ հաճույքով ու առանց տատանվելու ընդունեցի առաջարկը», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Էրիկ Օհանյանը:
«Հետհաշվարկ»-ում ընդգրկված շատ դերասանների նկարահանման հրապարակում նա նախկինում էլ է հանդիպել, սակայն կան նաև այնպիսիք, որոնք հետ առաջին անգամ է համագործակցում: Հարցին՝ ո՞ւմ հետ է առավել հեշտ և ո՞ւմ հետ՝ առավել դժվար աշխատելը՝ մեր զրուցակիցը խոստովանեց.
«Սոս Ջանիբեկյանի և Անի Երանյանի հետ առաջին անգամ ենք աշխատում: Նրանք իրենց գործում պրոֆեսիոնալ են, ու դա առավել հեշտ ու հաճելի է դարձնում մեր շփումը: Նաև Սամվել Սարգսյանի հետ եմ առաջին անգամ աշխատում, ինչից մեծ բավականություն եմ ստանում: Իսկ Խորեն Լևոնյանի հետ սա մեր համատեղ երկրորդ պրոյեկտն է, անգամ ավելորդ է նրա պրոֆեսիոնալիզմի մասին խոսելը: Այնպես որ, մեր նկարահանման հրապարակում մթնոլորտը շատ աշխույժ և առողջ է»:
Էրիկ Օհանյանը վերջին անգամ տարիներ առաջ է նկարահանվել սերիալում: Հետաքրքրվեցինք՝ արդյոք այս ժամանակահատվածում հոնորարների թիվը փոփոխվել է, գոհացնո՞ւմ է վարձատրությունը մարզիկ-դերասանին, թե՞ սա պարզապես բարի կամքի դրսևորում է:
«Համեմատած 2012-13 թվականների՝ բավական մեծ տարբերություն կա: Հավանաբար, դա դոլարի կուրսի հետ է կապված… Գիտեք, մարդը միշտ էլ իր ստացածից դժգոհ է, դա բնական բան է: Բայց ես իմ աշխատանքի գինը գիտեմ», - ժպիտով նկատեց նա:
Մոսկվա տեղափոխվելուց հետո մարզիկը հիմնել էր Մուայ թայ-բոքսինգ ակումբը, որն այսօր շարունակում է աշխատել իր օգնականների միջոցով: Նախորդ տարի հայաստանյան ուժային կառույցներից մեկից առաջարկ ստացավ՝ աշխատել տվյալ կառույցի արագ արձագանքման խմբում, սակայն զբաղվածության ու երկրից բացակայության պատճառով՝ հրաժարվեց:
Հայաստան նախորդ այցելության ժամանակ մեր զրույցի ընթացքում խոստովանել էր՝ նկատել է, որ օտարացել է Երևանից: Զրույցի ընթացքում մեջբերելով իր այս խոստովանությունը՝ հետաքրքրվեցինք՝ կարողացա՞վ հաղթահարել այդ օտարացումը, թե՞ Հայաստան նրան միայն աշխատանքն է բերել:
«Երբ քո երկրում ես, այդ պարտադրված օտարությունը հաղթահարելն այնքան էլ բարդ չէ: Բայց կարելի է անել ամեն ինչ, որ Հայաստանից ոչ մեկը չգնա այլ երկիր ապրելու: Կարոտը միշտ էլ առկա է դրսում ապրող բոլոր հայերի մոտ… Ինչ վերաբերում է այսուհետ միայն Հայաստանում ապրելուն ու աշխատելուն, այսպես կասեմ. եթե այս նախագծից հետո այլ առաջարկ չունենամ, անկասկած կգնամ: Բայց, կարծում եմ, աշխատանքիս ու աշխատասիրությանս շնորհիվ մեկ այլ առաջարկ կստանամ ու իմ երկրում կմնամ: Ի վերջո, Երևանը միայն մի քանի հոգունը չի, այն բոլորինս է ու բոլորս կարող ենք և՛ օգտվել մեր քաղաքի բարիքներից, և՛ օգտակար լինել մեր մայրաքաղաքին», - ընդգծեց Է. Օհանյանը:
Ի դեպ, 40-ամյա Էրիկին Հայաստան է բերել նաև 9 ամսական թոռնիկի՝ Մարիայի կարոտը, ում հետ երիտասարդ պապիկն անցկացնում է գրեթե ողջ ազատ ժամանակը:
«Թոռնիկս օգնում է, որ առավել մեծ ուժ ու էներգիա ստանամ: Նրան գրկելուն պես մոռանում եմ ամեն ինչ, հոգնածությունս շատ արագ վերանում ու առույգությունս վերականգնվում է», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց նա: