19/09/2017 14:44
ԼՂ խնդրի լուծմամբ կբացվեն սահմանները, կզարգանան առևտրային հարաբերությունները. ԱՄՆ կոնգրեսականներ
Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի բարեկամ երկիրն ու կարևոր գործընկերներից է, ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ:
Արա Բաբլոյանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդումն ու խորացումը:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Արա Բաբլոյանը կարևորել է ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Խորհրդարանի ղեկավարը կարևորել է Արցախի Հանրապետություն այցելություններն ու խնդիրներին տեղում ծանոթանալը:
ԱՄՆ կոնգրեսականները կարևորել են փոխադարձ այցելություններն ու ակտիվ համագործակցությունը: Հյուրերն ընդգծել են երկու երկրների միջև փոխգործակցության առավել ընդլայնումն ու զարգացումը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում: ԱՄՆ կոնգրեսականները Ամերիկայի հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքում մեծապես կարևորել են հայ համայնքի ներդրումը:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին՝ նրանք վստահեցրել են, որ ԱՄՆ-ն հարցի խաղաղ՝ բանակցությունների ճանապարհով կարգավորման կողմնակից է. խնդրի լուծմամբ կբացվեն սահմանները, ինչը կնպաստի առևտրային հարաբերությունների զարգացմանը: