19/09/2017 17:24
Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա սեպտեմբերի 23-ին
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը, հնարավոր է, հանդիպեն սեպտեմբերի 23-ին, փոխանցում են Aysor.am-ի աղբյուրները:
Հանդիպումը, որին կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները, տեղի կունենա Նյու Յորքում, որտեղ անցկացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը:
Ավելի վաղ ԵԱՀԿ Մինկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը Aysor.am-ին տված հարցազրույցում նշել էր, թե հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը հիմք կապահովի նախագահների հանդիպման համար:
«Որպես Մինսկի խմբում ԱՄՆ նորանշանակ համանախագահ ես կշարունակեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում ներկայացնել Միացյալ Նահանգները: Սպասում եմ իմ գործընկեր համանախագահներ դեսպան Պոպովի (Ռուսաստան) և դեսպան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Կասպրշիկի հետ աշխատանքին: Հատկապես սպասում եմ այս շաբաթ ավելի ուշ Նյու Յորքում մյուս համանախագահների ու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ իմհանդիպումներին: Հուսով ենք, որ այս հանդիպումները հիմք կապահովեն ամենաբարձր մակարդակում բարեխիղճ բանակցությունների անհապաղ վերսկսման համար», - ասել էր Է.Շեֆերը: