19/09/2017 19:51
Սա ոչ միայն փոքրիկ քարանձավ է, այլ՝ մի ամբողջ գանձարան. Ռիչարդ Միլսը և Արմեն Ամիրյանն ազդարարեցին Արենի-1 քարանձավի աշխատանքների ավարտը
ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից 2013 թվականին 52.870 ԱՄՆ դոլար դրամաշնորհ էր հատկացվել Վայոց Ձորում գտնվող Արենի-1 քարանձավի պահպանության աշխատանքներն իրականացնելու նպատակով: 4 տարի տևած աշխատանքների պաշտոնական ավարտն ազդարարվեց սեպտեմբերի 19-ին. հենց այսօր քարանձավի մուտքի մոտ հանդիպեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Բորիս Գասպարյանի և Պավել Ավետիսյանի գլխավորած Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի փորձագետներն ու լրագրողները՝ քարանձավում ծանոթանալու կատարված աշխատանքներին ու գնահատելու դրանք:
«Սա ոչ միայն փոքրիկ քարանձավ է, այլ՝ մի ամբողջ գանձարան: Այստեղ գտնված ամենահին կոշիկը, գինու հնձանն ու մյուս գտածոները մեզ առիթ են տալիս հայացք նետել դեպի անցյալ ու փորձել պատկերացնել, թե ինչ կյանքով են ապրել մեր նախնիները: Անկախ նրանից, թե ինչ ազգի ենք պատկանում, մեր անցյալն ընդհանուր է: Այսպիսի հնավայրերը մեզ օգնում են հասկանալ մեր մարդկային միահյուսված անցյալը: Դա է պատճառը, որ ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցում է նման ծրագրերին, աշխատանքների իրականացմանը: Մենք ոչ միայն համամարդկային արժեքների պահպանությանն ուղղված ջանքեր ենք գործադրում, այլև քայլեր ենք ձեռնարկում, որ այստեղ գտնվող, բայց դեռևս չբացահայտված գտածոները ևս պաշտպանված լինեն», - լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ ընդգծելով, որ, խթանելով զբոսաշրջիկների այցելությունը, աջակցում են նաև Հայաստանի տնտեսական զարգացմանը:
Շուրջ 12 տարվա ընթացքում Մշակութային արժեքների պահպանության ԱՄՆ դեսպանի հիմնադրամը Հայաստանում իրականացրել է մշակութային ժառանգության պահպանության 10 ծրագիր: Ներկա պահին էլ ընթացքի մեջ են Մեղրու Սբ. Հովհաննես եկեղեցու և այնտեղ գտնվող ինքնատիպ միջնադարյան որմնանկարների պահպանության աշխատանքները:
Հարցին՝ արդյոք ԱՄՆ դեսպանն այլ հնավայրերում ևս եղել է և ինչո՞վ է առավել հետաքրքրված, պատասխանեց.
«Դաշտադեմում եմ եղել, Գեղարդի և Տաթևի վանքերում, Նորավանքում, որտեղ միշտ զգում եմ հոգևորի ազդեցությունը, որը փաստում է Հայ Առաքելական եկեղեցու ամուր կապը: Դա լիովին բնորոշում է, որ Հայաստանը առաջին քրիստոնեական երկիրն է: Նաև Մեղրիի եկեղեցին եմ տեսել՝ իր հոյակապ որմնանկարներով, և անչափ ուրախ եմ, որ աջակցում ենք այնտեղի պահպանության աշխատանքներին»:
Հանդիպման ընթացքում Ռիչարդ Միլսն ազդարարեց հիմնադրամի կողմից աջակցվող ևս մեկ աշխատանքի մասին. 143 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ Դաշտադեմի ամրոցի պահպանության աշխատանքները վերսկսելու համար: Դրանք մեկնարկել են դեռևս 2013 թվականին, 143 հազար դոլարի շրջանակներում էլ հնագիտական պեղումներից զատ կամրակայվեն ամրոցի ներքին պարսպապատերը:
ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ ավելորդ չհամարեց բարձրաձայնել այն փաստը, որ սկսած 2005 թվականից մինչ այսօր հիմնադրամը գրեթե 1 միլիոն դոլարի ներդրումներ է կատարել Հայաստանում, ինչի շնորհիվ փրկվել են բացառիկ մշակութային արժեքներ: Այդ թվում են Նորատուսի խաչքարերը, Հակոբ Հակոբյանի որմնանկարը, Արենի 1-ը և այլն…
«Արենի-1 քարանձավը Հայաստան այցելած զբոսաշրջիկներին հնարավորություն կտա ծանոթանալու մեր պատմամշակութային ժառանգությանը: Քանի որ մենք նաև համաշխարհային մշակութային ժառանգության մաս ենք կազմում, ըստ իս, չափազանց կարևոր էր հենց այս քարանձավի շահագործումը: Սա պատմամշակութային կառույցների արժևորման առաջին քայլն է: Բոլորն էլ տեղյակ են, որ մենք հայտարարել ենք քարանձավների կառավարման մրցույթ, որը միտված է զբոսաշրջության զարգացմանը: Արդեն հայտատուներ ունենք, բայց նախապատվությունը կտանք այն ընկերություններին, որոնք ապահովելու են գիտական աշխատանքների շարունակականությունը: Նաև կապահովեն, որ գիտնականները կարողանան մեզ համար նոր բացահայտումներ անել», - իր խոսքում նշեց նախարարը:
Քարանձավի պահպանության աշխատանքները ղեկավարող հնագետ Բորիս Գասպարյանի դիտարկմամբ ՝ Արենիի քարանձավի աշխատանքների ընթացքում ձեռք բերված փորձը կկիրառվի Հայաստանի մյուս հնագիտական հուշարձանները, երկրի մեծագույն պոտենցիալը ճիշտ օգտագործելու, պահպանելու, ներկայացնելու, տուրիզմը զարգացնելու համար:
Ի դեպ, հնագետը դատարկաձեռն չէր եկել. դեսպան Ռիչարդ Միլսին և նախարար Արմեն Ամիրյանին նվիրվեց այս նույն քարանձավում 2008 թվականին հայտնաբերված ամենահին կոշիկի, իր իսկ խոսքով, իրական պատճենները:
Հատկացված դրամաշնորհով ցանկապատվել է տեղանքը, լուսավորվել քարայրը, կառուցվել են քայլուղիներ, որպեսզի զբոսաշրջիկների ներկայությունը չխանգարի հետագա պեղումներին, ու նաև վերջիններս չվնասեն հնավայրը: Ինֆորմացիոն վահանակներ են տեղադրված քարանձավի յուրաքանչյուր անկյունում: