20/09/2017 19:46
Որևէ կոնֆլիկտ, նեղվածություն չկա իմ հայտարարության հիմքում, պարզապես նախօրոք կանխազգում եմ, թե ինչ է լինելու. Արտաշես Ալեքսանյան
Հայկական հեռուստաընկերություններն իրենց նոր եթերաշրջանների մեկնարկն ազդարարեցին նաև սերիալային առատությամբ: Մերօրյա ամենաակտիվ սցենարիստներից մեկի՝ Դիանա Գրիգորյանի «Առաջնորդներին» Արմենիա հեռուստաընկերությամբ փոխարինելու եկավ նույն սցենարիստի «Նռան հատիկը», որում նկատելի է այն դերասանների բացակայությունը, ովքեր նախկին գրեթե բոլոր նախագծերում համագործակցել են վերջինիս հետ:
Ի դեպ, «Առաջնորդների» ավարտն ամբողջացնող տեսանյութում, որտեղ բոլոր արտիստները խոսում էին իրենց կերպարների մասին, դերասան Արտաշես Ալեքսանյանն ակնարկեց՝ հաջորդ նախագծում ինքն ընդգրկված չի լինի: Այս հայտարարությունը որոշակի ասեկոսենարի պատճառ դարձավ. արդյոք դերասանն ու Դիանա Գրիգորյանը որոշակի տարաձայնություններ ունեն:
«Որևէ կոնֆլիկտ, նեղվածություն չկա իմ հայտարարության հիմքում, պարզապես, ի տարբերություն ոմանց, ես նախօրոք կանխազգում եմ, թե ինչ է լինելու: Նաև՝ արդեն առաջարկներ ունեի, ու ժամանակն էր ընտրելու դրանցից մեկը», - Aysor.am-ի հետ զրույցում նկատեց Արտաշես Ալեքսանյանը:
Դերասանն այժմ նկարահանվում է նոր սերիալում, որի մասին փակագծերը դեռևս չի կարող բացել: Միայն տեղեկացրեց, որ սերիալն էկրաններին կլինի, հավանաբար, մեկ ամսից:
«Առաջարկներ շատ ունեի, բայց ընտրությունս կանգ առավ հենց այս սերիալի վրա: Այժմ նախապատրաստական շրջանում ենք, հոկտեմբերից հեռուստադիտողը հնարավորություն կունենա գնահատել մեր աշխատանքը: Չեմ կարող հստակեցնել՝ կերպարս դրակա՞ն է, թե՞ բացասական: Ցանկացած մարդ իր կյանքում երկու տեսակների էլ կրողն է՝ նայած իրավիճակի: Բայց վստահեցնում եմ՝ հեռուստադիտողին հետաքրքիր, գեղեցիկ ու ամենակարևորը՝ ասելիքով նախագիծ է սպասվում», - ընդգծեց նա:
Ռուսական կինոոլորտում էլ նա շարունակում է պահանջված մնալ: Ամռան ընթացքում նկարահանվել է ռուսական արտադրության 5 մասանոց ֆիլմում:
Բացի նկարահանումներից, Արտաշես Ալեքսանյանը նաև հասարակական գործունեությամբ է զբաղվում: Իր իսկ խոսքով՝ բարեգործական հիմնադրամի օգնությամբ փորձում են հայապահպանման ծրագրեր իրագործել Ախալցխայում և Ախալքալաքում: «Սև հովազ» կամավորական ջոկատի կազմում էլ հաճախ սահման է այցելում՝ ոգեշնչելու, քաջալերելու ու սատարելու հայ զինվորին:
«Վրացահայերի, այնտեղի հայկական դպրոցների համար հայկական գրքեր, համակարգիչներ, տարբեր անհրաժեշտ պարագաներ ենք տանում: Նաև ներկայացումներ ենք բեմադրում, համերգային ծրագրեր կազմակերպում: Բազմաթիվ աշխատանքներ ենք այնտեղ կատարում, ինչը շատ կարևոր ու նպատակային է», - զրույցը եզրափակեց նա: