20/09/2017 01:30
Հայաստանը առ ոչինչ է հայտարարելու հայ-թուրքական արձանագրությունները. Սերժ Սարգսյան
Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել Ցյուրիխում 2009 թ-ին ստորագրված արձանագրությունները և վավերացնել միայն իրեն հարմար առիթով, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին իր ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար։ Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ։ Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների», - ասաց ՀՀ նախագահը։
Նա նշեց, որ Հայաստանը Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չի դարձրել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների կանոնակարգելու համար:
«Այդ փաստաթղթերն առ այսօր չեն վավերացվել և հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում։ Թուրքիայի կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում դրանք վավերացնելու համար, որոնք բնավ չեն բխում արձանագրությունների տառից և ոգուց», - նշեց Ս.Սարգսյանը։