20/09/2017 02:05
Սարգսյան. Ադրբեջանը Արցախի համար միջնադարյան հետամնացության խորհրդանիշ է
Տարիներ շարունակ հայատյացությունը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականության հիմնարար և բաղկացուցիչ մաս, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին իր ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Այն խորապես արմատավորվել է դպրոցական դասագրքերում և թունավորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողությունը: Արդեն տարիներ շարունակ այդ մասին ահազանգում են ռասիզմի և այլատյացության հարցերով զբաղվող մի շարք մասնագիտական միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններ», - նշեց նա։
Նախագահի խոսքով՝ այդ ամենը բերում է այն համոզման, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կենսական նշանակություն ունի:
«Այս հարցում ես արտահայտում եմ ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ողջ աշխարհի հայության միասնական տեսակետը: Այս ուղերձը ես բերում եմ Երևանից, որտեղ այս օրերին կայանում է «Հայաստան-Սփյուռք» համաժողովը: Բոլորը պետք է գիտակցեն, որ այժմ Ադրբեջանը ժողովրդավարական ուղիով զարգացող Արցախի համար պարզապես միջնադարյան հետամնացության խորհրդանիշ է», - նշեց Ս.Սարգսյանը։