21/09/2017 11:26
Ցանկացած փոփոխություն, որը կարող է վտանգել Արցախի ու մեր ազգաբնակչության անվտանգությունը, անընդունելի է. Արցախի ԱԳ նախարար
Այն գաղափարները, թեզերը, որոնք հնչեցվել են, նորություն չեն, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն՝ անդրադառնալով «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթին։
«Դրանք հիմնվում են Մադրիդյան սկզբունքների վրա, ես կարծում եմ՝ տեղի ունեցածից անել շատ հեռու գնացող եզրահանգումներ, տեղին չեն», - ասաց Կարեն Միրզոյանը։
ԱԳ նախարարի խոսքով՝ Արցախի վերադարձը բանակցային սեղան թույլ կտա աշխատել այնպիսի առաջարկների և կարգավորման մոդելների վրա, որոնք հիմնված կլինեն առկա իրողությունների վրա և լիարժեք կերպով կապահովեն Արցախի և ազգաբնակչության անվտանգությունը։
«Արցախի ներկայիս անվտանգության համակարգը հիմնված է այն տարածքների վրա, որոնք կազմում են Արցախի Հանրապետության անբաժան մասը և ցանկացած փոփոխություն, որը կարող է վտանգել Արցախի ու մեր ազգաբնակչության անվտանգությունը, իհարկե, անընդունելի է», - նշեց Կ. Միրզոյանը։
Նա ընդգծեց, որ Արցախի անվտանգությունը գերխնդիր է։
«Մեր անվտանգության ապահովման մեխանիզմները, ծրագրերը մշակելիս մենք նկատի ունենք Արցախի Հանրապետության ներկայիս ողջ տարածքը», - ընդգծեց Արցախի արտաքին գործերի նախարարը։