22/09/2017 11:11
Նալբանդյանը պարզաբանել է որոշ տարածքների վերադարձի վերաբերյալ իր հայտարարությունը
Որոշ տարածքների վերադարձի մասին որոշ մեջբերումներ և մեկնաբանություններ կտրված էին կոնտեքստից, «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Ես խոսել եմ համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունների մեջ պարունակող հայտնի երեք սկզբունքների և վեց տարրերի մասին, որոնք, ըստ հենց եռանախագահների, մշակվել ու ներկայացվել են կողմերին՝ որպես մեկ ամբողջություն, և փորձերը տարանջատել մեկ սկզբունքը մյուսներից կամ մեկ դրույթը մյուսներից անհնարին կդարձնեն կարգավորումը։ Դա է հենց արվում Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ»,-նշել է արտգործնախարարը։
Նա վերահաստատել է ՄԱԿ-ի ամբիոնից Հանրապետության նախագահի ելույթը՝ ասելով. «Կարևորն Արցախի կարգավիճակի հարցն է։ Եթե կարգավիճակի հարցը լուծում ստանա, ապա մնացած հարցերը կլուծվեն արդար և տրամաբանական ձևով, որովհետև մնացած բոլոր հարցերն ածանցյալ են։ Այդ բոլոր հարցերի լուծումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ»։