22/09/2017 20:48
Ինձ համար թանկ են այն հայ կոմպոզիտորներները, որոնք իրենց գործերում հայկական բնավորություն են մտցրել. Իոսիֆ Կոբզոնը Հայաստանում է
Սեպտեմբերի 23-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում բարեգործական համերգային ծրագրի շրջանակներում հանդես կգա նաև ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը: «Вместе» խորագիրը կրող համերգի ընթացքում նա կկատարի 20-րդ դարի հայ կոմպոզիտորների գործերը: Մասնակցելու են նաև XXI դարի նվագախումբը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Սոնա Շահգելդյանը, Աննա Տաչյանը, Արամեն, Հայկոն, Մհերը, Էրիկը, Սոնան և Ռուսլանը: Համերգի ողջ հասույթը տրամադրվելու է օնկոլոգիական հիվանդությամբ տառապող երեխաների բուժմանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում երգիչն ընդգծեց՝ Հայաստանում ինքն իրեն հյուր չի համարում, հատկապես, որ անձնական նախաձեռնությամբ հաճախ է այստեղ լինում:
«Մեծամասամբ ուրախ առիթներով եմ գալիս, սակայն ավանդույթ է դարձել, որ անպայման այցելեմ նաև տխուր վայրեր՝ իմ հայ ընկերների շիրիմներին: Նաև տարբեր հուշարձաններ եմ այցելում, իմ ամենասիրելի հուշարձանն Առնո Բաբաջանյանինն է, ոչ մի տեղ նման էմոցիոնալ հուշարձան չեմ տեսել… Հայ կոմպոզիտորները բազմաթիվ հրաշալի երգեր են գրել, որոնք ամենուր են հնչում, ու ոմանք երգում են՝ նույնիսկ չիմանալով, որ դրանք հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ են», - նշեց նա:
Արտիստը մտաբերեց բոլոր այն հայ կոմպոզիտորներին, որոնց հետ առիթ է ունեցել աշխատել: Նկատեց՝ քչերը գիտեն, որ Դավիթ Թուխմանովը, ով հայտնի «День Победы» երգի հեղինակն է, հայրական կողմով հայ է. հայրը Լեռնային Ղարաբաղից է: Նույնը նաև Անդրեյ Բաբաևը, Միքայել Թարիվերդիևը:
«Նրանք բոլորը հայ կոմպոզիտորներ են, ու Հայաստանը պետք է հպարտանա նրանցով ու երբեք չմոռանա այս երգերը: Ինձ համար թանկ են այն հայ կոմպոզիտորներները, որոնք իրենց գործերում հայկական բնավորություն են մտցրել: Ես միշտ կարողանում եմ կռահել՝ թե որն է հայկական երաժշտություն», - հավելեց երգիչը:
Հարցին՝ արդյոք այլ ռուս արտիստներ չեն մասնակցելու այս համերգին, Ի. Կոբզոնը փոքր-ինչ հեգնանքով պատասխանեց.
«Երևի դուք ուզում եք, որ Կիրկորովը, Բասկովը գան համերգներ տալու, բայց պետք է հիասթափեցնեմ ու ասեմ, որ միայն ես եմ լինելու… Այդ երգիչներին ռադիոյով, հեռուստատեսությամբ էլ եք լսում, բայց կարող եք հարցնել՝ ինչո՞ւ իրենք հայ կոմպոզիտորների երգեր չեն կատարում»:
Անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերում վաստակավոր ու ժողովրդական կոչումներին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստը նկատեց՝ դրանք ոչ մի օգուտ չեն տալիս:
«Դրանք գործունեությունը գնահատող սիմվոլիկ պարգևներ են, որոնք ավելի շատ ոգևորում են հարազատներին, երկրպագուներին ու մտերիմներին: Նկատել եմ, որ Հայաստանի առաջին տիկինը մշտապես աջակցում է երիտասարդ կատարողներին: Չգիտեմ՝ օրվա որ ժամին, բայց այդ հարցով դիմում է ամուսնուն: Ինքս նրան երբեմն հարցնում եմ՝ չի՞ հավանում այս կամ այն կատարողին, թող խնդրի, որ ամուսինը կոչում տա: Ասում է. «Շա՜տ եմ խնդրել»… Շատ կարևոր է, որ պետությունը գնահատում է արտիստին: Ես բոլոր բարձր պարգևներն ունեմ, բայց ես ինձ հարցնում են, թե որն է ինձ համար ամենաթանկը, պատասխանում եմ՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումը», - ընդգծեց Ի. Կոբզոնը:
Զրույցի ավարտին Ռուսաստանի Պետդումայի պատգամավորը սեփական նախաձեռնությամբ անդրադարձավ նաև Խորհրդային Միության տարիների՝ ըստ նրա՝ մեր օրում չգնահատված լինելուն:
«Ես կարծում եմ, որ ռուսաֆոբիան, որը ապշեցրել է ողջ աշխարհԸ՝ Եվրոպան, Ամերիկան, Ձեր շնորհիվ է ծագել, քանի որ քիչ եք պատմում համաշխարհային հասարակությանը այն ձեռբերումների մասին, որոնք ունեցել ենք միասին՝ Սովետական Միությունում: Մենք հաղթեցինք ֆաշիստներին, բայց հետո սեփական ձեռքերով այն հանձնեցինք՝ վերածելով 15 առանձին հանրապետությունների: Վատ չէ, որ Հայաստանի Հանրապետությունն առանձին երկիր է, բայց ոչ ոք չի զրկել Հայաստանին լինել Ռուսաստանի, Ռուսաստանին՝ Հայաստանի ընկերը: Կարծում եմ, տեղեկատվական պատերազմում մենք լրագրողների պատճառով ենք պարտվել», - եզրափակեց նա: