23/09/2017 10:30
Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան հիմնախնդր կարգավորման գործընթացին առնչվող հարցեր
Սեպտեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։
Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է ԱՄՆ նոր համանախագահ Էնդրյու Շոֆերին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ընդգծելով համանախագահության կարևոր առաքելությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը հասնելու գործում։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ։
Զրուցակիցներն արծարծել են սեպտեմբերի 23-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն առնչվող հարցեր։