24/09/2017 01:32
ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել և հույս հայտնել, որ նախագահների հանդիպումը կամրապնդի փոխվստահությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 24-ին հայտարարություն են տարածել, որով տեղեկացնում են, որ Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին և միասին։
Խորհրդակցությունների հիմնական նպատակը, ըստ հայտարարության, հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին քննարկելն էր, ինչպես նաև բանակցային գործընթացի ակտիվացմանն ուղղված ճանապարհներ որոնելը։ Բացի այդ, նույն հայտարարության համաձայն, համանախագահների նպատակն է եղել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածության գալը։
Համանախագահները տարածած հայտարարությամբ հույս են հայտնել, որ նախագահների առաջիկա բարձր մակարդակի հանդիպումը կնպաստի կողմերի միջև փոխվստահության ամրապնդմանը, ինչպես նաև նրանց մոտ քաղաքական կամքի դրսևորմանը՝ գտնելու փոխզիջումային որոշում հակամարտության առանցքային խնդիրների շուրջ։
Երկու արտգործնախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատել ՄԽ համանախագահների հետ՝մոտ ապագայում կազմակերպելու բարեհաջող հանդիպում։
Համանախագահները մտադիր են այցելել տարածաշրջան հոկտեմբերի սկզբին։