25/09/2017 14:12
Գնալուս պատճառ դարձավ իմ սերը, ընտանիքը, բայց ես Հայաստանը չեմ լքել. Արա Մարտիրոսյան
Վերջին տարիներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող և ստեղծագործող երգիչ Արա Մարտիրոսյանն այս օրերին Հայաստանում էր գտնվում: Այցելության նպատակը սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 26 ամյակին նվիրված համերգային միջոցառմանը մասնակցությունն էր:
«Ես Հայաստան հաճախ եմ գալիս, մեծամասամբ անհատական այցեր են լինում, ոչ պաշտոնական հրավերներ: Այս անգամ կնոջս ուղեկցությամբ էի Հայաստանում, տոնական միջոցառմանը մասնակցելու հրավերով էի եկել ու ընդամենը 5 օր եմ մնացել: Ամսի 24-ին վերադարձա ԱՄՆ, բայց հնարավոր է՝ շուտով նորից մեկ կամ երկու օրով գամ ընկերոջս՝ Սարո Թովմասյանի մենահամերգին: Չեմ նեղվում կարճատև այցելություններից, Հայաստան արժի գալ նույնիսկ մի քանի ժամվա համար», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Արա Մարտիրոսյանը:
Երգիչը նկատել է՝ Երևանն օրեցօր է գեղեցկանում, լուսավորվում ու պայծառ դառնում: Հարցին՝ արդյոք մարդկանց էությունն էլ համապատասխանում է քաղաքի արտաքին՝ իր նկատած բովանդակությանը, պատասխանեց.
«Ես հոգեբան չեմ և իրավունք չունեմ խոսել մեծամասնության անունից: Մեզանից յուրաքանչյուրն էլ ինչ-որ խնդիրներ, վերելքներ ու անկումներ է ունենում, ու դա համամարդկային նորմալ երևույթ է՝ լինես Հայաստանում, ԱՄՆ-ում, թե` աշխարհի մեկ այլ երկրում: Ամեն դեպքում, ես ասում եմ այն, ինչն արտաքուստ տեսնում, նկատում եմ. մեր մայրաքաղաքի բնակչությունը, հատկապես, երիտասարդները շատ են գեղեցկացել»:
Խոստովանում է՝ երգարվեստից բացի զբաղվում է նաև ոչ մասնագիտական գործունեությամբ, որի մասին նախընտրում է լռել: Նկատառմանը՝ մտածո՞ւմ է երբևէ կրկին Հայաստան վերադառնալու և ապրելու մասին, ընդգծեց.
«Գնալուս պատճառ դարձավ իմ սերը, ընտանիքը, բայց ես Հայաստանը չեմ լքել, պարզապես ժամանակավոր բնակվում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այստեղ են ապրում իմ բոլոր բարեկամները, ազգականները, ծնողներս»:
Առաջիկայում նա երկրպագուներին կներկայանա նոր աշխատանքներով, որոնք համագործակցության արդյունք կլինեն ոչ միայն հայ կատարողների, այլև՝ արտասահմանցիների հետ:
Չշրջանցելով վերջին շրջանի ամենաքննարկվող թեման՝ արտիստներին կոչումներ շնորհելը, հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի ստեղծված աղմուկի շուրջ, հատկապես, որ քննարկման թիրախում առավելապես իր ընկերներն ու գործընկերներն են: Չի՞ ցանկանում ինքն է համալրել վաստակավոր արտիստների շարքը:
«Ես ինձ իրավունք չեմ վերապահի խոսել այդ թեմայով: Եթե որոշումը Հանրապետության նախագահն է կայացրել, նշանակում է՝ ճիշտ է: Ինչ վերաբերում է իմ պարգևատրվելուն, դա ժամանակը կորոշի: Եթե ժամանակը գա ու չարժանանամ կոչման, նշանակում է՝ բավարար չեմ աշխատել», - մեզ հետ զրույցը եզրափակեց Արա Մարտիրոսյանը: