25/09/2017 10:03
Մաքսիմ Մանուկյանի նման չեմպիոն զավակ ունենալը հպարտություն է. Չեմպիոնը Մարտունիում էր
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը հյուրընկալել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին:
Մարզպետ Կարեն Բոթոյանի և քաղաքապետ Արմեն Ավետիսյանի ուղեկցությամբ ներկաներն այցելել են քաղաքի մարզադպրոցի ըմբշամարտի մարզասրահ, դիտել կրտսեր ըմբիշների ցուցադրական ելույթները:
Հետևելով ըմբիշների մարտերին՝ Մաքսիմ Մանուկյանը ոգևորել, չեմպիոն դառնալու ուղերձ է հղել կրտսեր մարզիկներին՝ ասելով, որ իր առաջին մարզասրահը նույնպես համեստ է եղել:
Հյուրերը ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձին և Արցախյան գոյամարտի մասնակից, գնդապետ Հարություն Հարությունյանի հիշատակին նվիրված բռնցքամարտի միջազգային առաջնությանը:
Հուշամրցաշարին մասնակցել են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, Ջավախքի, Զուգդիդի, Թբիլիսիի, Քութաիսիի, Աջարիայի, Բաթումիի բռնցքամարտի հավաքականները՝ շուրջ 121 մասնակիցներով:
Նշենք, որ Մարտունին թիմային հաշվարկով զբաղեցրել է 1-ին հորիզոնականը, որին հաջորդել են Թբիլիսիի և Արցախի հավաքականները: Մրցաշարի լավագույն բռնցքամարտիկների պարգևատրման արարողությունը կատարվել է ՀՀ-ի բռնցքամարտի ֆեդերացիայի, սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի մրցանակակիր Դավիթ Թորոսյանի, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանի կողմից:
Հանդիպման ավարտին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը ողջունել է մրցաշարը՝ նշելով, որ նման մարզական նախաձեռնությունները ողջունելի են, ապա հավաստիացրել, որ մարզը մշտապես Մաքսիմ Մանուկյանի հետ է:
Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին ներկայության, Մաքսիմ Մանուկյանին հրավերքն ընդունելու համար, ապա նշել է, որ սպորտի ոլորտը մշտապես ուշադրության կենտրոնում է, մարզիկների համար առավել հարմարավետ պայմաններ ապահովելու խնդիրը՝ գերնպատակ, իսկ Մաքսիմ Մանուկյանի նման չեմպիոն զավակ ունենալը՝ հպարտություն:
Հավելենք, մարտունեցիներն իրենց չեմպիոնին ընդունել են մեծ ոգևորությամբ, իսկ չեմպիոնը, կիսվելով տպավորություններով, նշել է, որ հաճելի է գտնվել հարազատ մարզում, հանդիպել հարազատ դեմքերի։