26/09/2017 17:09
Ինչո՞ւ Artyom’s-ը «Միսս Արմենիայից» ետ վերցրեց թագը. Պարզաբանում են ոսկերչական ընկերությունից
Սեպտեմբերի 24-ին կայացած «Միսս Արմենիա 2017» մրցույթն առանց ինտրիգների չանցավ: Կիզակետում էին մրցույթի կազմակերպիչներն ու հաղթողի թագը պատրաստած ոսկերչական Artyom’s ընկերությունը: Ըստ խոսակցությունների, խնդիրն այն էր, որ ոսկերչական ընկերությունը նույն օրը գիշերը գնացել և հաղթող 17-ամյա Լիլի Սարգսյանից հետ էր վերցրել հաղթանակը խորհրդանշող թագը՝ պատճառաբանելով, թե կազմակերպիչները խախտել են պայամանավորվածությունն ու մրցույթի ընթացքում չեն հայտարարել թագը պատրաստող կազմակերպության անունը:
Միայն երկու օր անց՝ այսօր, Artyom’s ընկերությունը հանդես եկավ պարզաբանող հայտարարությամբ:
«Artyom’s ընկերությունը հանդես է եկել որպես մրցույթի հովանավոր, ինչն իրենից ենթադրում էր փոխշահավետ համագործակցություն մեր ընկերության և կազմակերպիչների միջև: Պայմանավորվածության մեր մասը լիարժեք կատարվել է, ոչ մի դժգոհություն կազմակերպիչների կողմից մեր հասցեին չի հնչել: Ինչը, ցավո՛ք, չենք կարող ասել կազմակերպիչների մասին: Հասկանում ենք, որ նման մրցույթի կազմակերպչական գործընթացը որոշակի բարդություններ է ենթադրում, սակայն դա չպետք է անդրադառնա հովանավորի շահերի վրա: «Միսս Արմենիա» միջոցառման պարագայում թագը պատրաստվել է հովանավորչական փաթեթի շրջանակներում՝ ծառայություն ծառայության դիմաց: Հաղթողից թագը վերցնելու միտում չի եղել, այն վերադարձրել են կազմակերպիչները՝ մրցույթից անմիջապես հետո կայացած բանակցությունների ժամանակ ընդհանուր հայտարարի գալուց հետո:
Ընկերության դեմ իրականացվող ֆեյսբուքյան «ֆլեշմոբ»-ը արդյունք չի տալու, մենք ունենք մեր հստակ սկզբունքները, որոնց չենք դավաճանի ոչ մի ճնշման պարագայում: Ցանկացած հարցերի առկայության դեպքում կարող եք այցելել Խորենացի 24 հասցեում գտնվող մեր գրասենյակ, կընդունենք և առերես կպատասխանենք բոլոր հարցերին առանց բացառության:
Իսկ ընկերության մասին ապատեղեկատվություն տարածելու կամ վիրավորանքներ հնչեցնելու պարագայում մենք ստիպված կլինենք դիմել համապատասխան քայլերի:
Մենք միշտ բաց ենք աջակցելու տարատեսակ իրադարձություններին՝ լիարժեք կատարելով մեր ստանձնած պարտավորությունները, բայց երբեք թույլ չենք տա ոտնահարել մեր իրավունքները», - նշվում է հայտարարության մեջ