26/09/2017 14:50
Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում. Արա Բաբլոյան
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 26-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը մասնավորապես խոսել են երկու երկրների տնտեսական փոխհարաբերությունների զարգացման մասին:
«Հայաստանն ու Վրաստանը միջազգային ինտեգրման տարբեր ուղիներ են ընտրել, սակայն դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ մեր երկրների փոխգործակցության զարգացման համար. այն կարող է լրացնել ու դրական ազդեցություն ունենալ ոչ միայն տնտեսական հարաբերությունների հետագա խորացման, այլ նաեւ տարածաշրջանային համագործակցության առավել ընդլայնման համար»,-ասել է ԱԺ նախագահը։
Արա Բաբլոյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի ու Վրաստանի միջեւ ձեւավորվել են տնտեսական գործընկերության հստակ ուղղություններ, որոնք մասնավորապես ներառում են տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսական ապրանքների վերամշակման ոլորտները:
ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է ապակենտրոնացված համագործակցության խորացման կարևորությունը: Որպես երկրների տարածաշրջանների փոխգործակցության լավ օրինակ՝ Արա Բաբլոյանը նշել է Աջարիայի և Լոռու մարզի միջև կապերը:
ՀՀ խորհրդարանի ղեկավարն, այնուամենայնիվ, արձանագրել է, որ առևտրատնտեսական ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում:
Արա Բաբլոյանը հավաստիացրել է, որ խորհրդարանականները պատրաստ են հանդես գալ օրենսդրական անհրաժեշտ նախաձեռնություններով՝ կոնկրետ բնագավառների խնդիրները լուծելու համար: Խորհրդարանի ղեկավարի կողմից կարևորվել է Վերին Լարս սահմանային անցակետի անխափան գործունեությունը, որը հատկապես այս ժամանակահատվածում Հայաստանից գյուղատնտեսական ապրանքների արտահանման հիմնական եւ առավել նախընտրելի ճանապարհն է:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ առկա 400 միլիոն դոլար կազմող առեւտրաշրջանառության ծավալներն անհրաժեշտ է մեծացնել: Վրաստանի վարչապետն ընդգծել է բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը:
Գիորգի Կվիրիկաշվիլին երկկողմ համագործակցության զարգացման համար առավել կարեւոր ոլորտներից հատկապես առանձնացրել է զբոսաշրջությունը: Ըստ նրա՝ հաշվի առնելով երկու երկրների հարուստ պատմամշակութային ժառանգությունը՝ անհրաժեշտ է պատրաստել համատեղ տուրիստական փաթեթներ:
Վարչապետը միաժամանակ հավաստիացրել է, որ Վրաստանը բաց է բարեկամ Հայաստանի հետ քննարկելու համագործակցության զարգացման հնարավորությունները ցանկացած ոլորտում: