26/09/2017 13:44
Ալեքսանդր Լապշին. Իսրայելը վաճառել է ինձ՝ Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում պայմանագրի դիմաց
Իսրայելը պետական մակարդակով ոչինչ չի ձեռնարկել , որպեսզի ինձ փրկի, լինի դա Բելառուսի բանտում իմ եղած ժամանակահատվածում, թե Ադրբեջանում, իր բլոգում գրել է Ալեքսանդր Լապշինը:
«Մինսկում և Մոսկվայում Իսրայելի հյուպատոսներն ինձ այցելել են, սակայն դա նրանց պարտականությունների շրջանակում էր, նրանք պարտավոր են օրենքով հյուպատոսական օգնություն ցուցաբերել քաղաքացուն: Բացի այդ, Իսրայելը ոչ մի քայլ չէր ձեռնարկում և դա ուներ երեք պատճառ», - նշել է նա:
Ա.Լապշինի խոսքով՝ առաջինն այն էր, որ այս տարի Ադրբեջանն Իսրայելի հետ պայմանագրեր է կնքել շուրջ 5 մլրդ դոլար արժողությամբ զենքի մատակարարման համար՝ այդպիսով դառնալով ռազմաարդյունաբերական համալիրի գլխավոր հաճախորդներից մեկը:
«Ինչպես հասկանում եք, այս բոլոր սխեմաները չափազանց «գորշ» են՝ անխուսափելի «ատկատներով», անձնական կապերի օգտագործմամբ»,- նշել է նա:
Երկրորդ՝ Ադրբեջանը դեռևս չի մարել իր պարտքերը նախկինում մատակարարված զենքի համար` նավթի գների անկման պատճառով:
«Երրորդ՝ նույնիսկ ինձ հետ բերելուց հետո, Իսրայելը շատ բարդ իրավիճակում կհայտնվեր: Տեղական դատարանը ստիպված կլիներ վերանայել Լեռնային Ղարաբաղ կատարած իմ այցելության գործը և այն համապատասխանեցնել Իսրայելի օրենքներին: Պարզ լեզվով ասած՝ իսրայելական դատարանը մեծ հավանականությամբ պետք է ինձ արդարացներ՝ ճանաչելով ադրբեջանական դատավճիռը, մեղմ ասած, անհիմն», - գրել է Լապշինը:
«Ինչպես կռահում եք, չափազանց դժվար է նման լայնածավալ պայմանագրեր ձեռք բերել, իսկ դրանք կորցնելը շատ հեշտ է՝ օրինակ, հանդես գալով բլոգերի պաշտպանության օգտին, որն անօրինական հայտնվել էր ադրբեջանական բանտում: Սրանք իմ ենթադրությունները չեն, այլ ներքին տեղեկատվություն է: Ինչպե՞ս է վարվել Իսրայելն այս բազմիմաստ իրավիճակում: Ոչ մի կերպ, բացարձակապես ոչ մի կերպ: Ինչպես գիտեք, Իսրայել չէ, որ «փրկեց ինձ» Ադրբեջանից, դա արել է Իլհամ Ալիևն անսպասելիորեն ստորագրելով հրամանագիր՝ ինձ ներում շնորհելու մասին:
Այնուամենայնիվ, իմ հարցում կար մեկ գործոն, որն Իսրայելի ձեռքերում էր:
Ադրբեջանը հանձինս ինձ իր վրա ծանր բեռ է վերցրել և արդեն երկար ժամանակ ցանկանում էր ազատվել ինձանից՝ միևնույն ժամանակով պահպանելով իր դեմքը: Թերևս նրանք վստահ էին՝ հենց լինի դատավճիռ, ինձ կուղարկեն իմ քաղաքացիության երկրներից մեկը՝ Իսրայել կամ Ռուսաստան: Սակայն ես շարունակեցի մնալ նրանց բանտում՝ առաջացնելով գլխացավանքներ:
Ուղարկել ինձ գաղութ, որտեղ կան հարյուրավոր բանտարկյալներ՝ չէին կարող, քանի որ այնտեղ ինձ կսպանեին՝ իմ գործի յուրօրինակության, նաև Բաքվում իշխանության անկայունության և գլխավոր աթոռի համար կլանների պայքարի պատճառով:
Այդպիսով, ես վերածվեցի «առանց բռնակների ճամպրուկի», որից Իլհամ Ալիևը չգիտեր ինչպես ազատվեր: Իսրայելին մնում էր թուլանալ և սպասել, որ Ադրբեջանն ինքնուրույն կգտնի ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղին: Դրա համար էլ ասում են, որ հրեաները հրեաներ են, քանի որ մտածում են յոթ քայլ առաջ:
Արդյունքում, Բաքվում փորձեցին կազմակերպել իմ ինքնասպանությունը (մեկուսարանում ինձ վրա հարձակվել են և ծեծի ենթարկել), այնուհետև «խղճալ» ինձ և համաներել: Հիշեցնեմ, որ մեկուսարանում ես ծեծի եմ ենթարկվել սեպտեմբերի 10 լույս 11-ին, իսկ արդեն սեպտեմբերի 11-ին հրամանագիր է ստացվել ինձ համաներելու մասին: Զարմանալի է, այդպես չէ՞:
Ոչ, Իսրայելը չէ որպես պետություն օգնել ինձ: Ամեն հնարավորը կատարվել է անհատների, Կնեսետի անդամների, հասարակական գործիչների, լրագրողների կողմից: Նրանց շնորհակալ եմ, բայց ոչ Իսրայել Պետությանը, որը վաճառել է ինձ պաշտպանական պայմանագրի դիմաց: Երևի, այդպես կվարվեր ցանկացած պետություն, լինի դա Իսրայելը, Ամերիկան, թե Շվեդիան», - գրել է Ա. Լապշինը: