26/09/2017 12:27
«Դեպի նոր իրականություն». Իվետա Մուկուչյանը և Ավետ Բարսեղյանը համատեղ աշխատանքով են ներկայանում
Կայացավ «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի` «Դեպի նոր իրականություն» խորագիրը կրող երգի ու տեսահոլովակի պրեմիերան, որի երաժշտության հեղինակը Իվետա Մուկուչյանն է, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Ավետ Բարսեղյանը:
«Այս երգը գրելիս սկզբում ստեղծեցի անգլերեն տարբերակը, այնուհետ Ավետի հետ գրեցինք հայերենը: Ավետն, ինչպես միշտ, կարողացավ իր հիանալի ձեռագրով խոսքերն այնպես դարձնել հայերեն, որ իմաստը ոչ միայն չտուժի, այլև՝ ընդգծվի», - նշեց երգչուհին:
Տեսահոլովակի նկարահանումը վստահվել է ռեժիսորը Արթուր Մանուկյանին: Այն իրականություն է դարձել «Factory production»-ի հետ համագործակցության արդյունքում: Երգի գործիքավորումը՝ Rhannes-ի, օպերատոր՝ Արտյոմ Աբովյան, պարողներ՝ SwagArt դպրոց, ոճաբան՝ Ալբերտ Գրիգորյան, հագուստը՝ Սեդա Մանուկյանի և MUKUCHYAN-ի, դիմահարդար՝ Յանա Բաբաջանյան:
«Սա Արթուր Մանուկյանի հետ մեր առաջին համագործակցությունը չէ: Նա արդեն որերորդ անգամ ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր գերկարճ ժամանակամիջոցում ստանալ հետաքրքիր, բարձրաճաշակ և տարբերվող արդյունք: Ես նրան ամեն անգամ նորովի եմ բացահայտում», - նկատեց Իվետն:
Երգչուհին հույս ունի, որ այս երգը ուժ կտա երիտասարդ սերնդին, ինքնավստահություն կփոխանցի:
«Ամեն ինչ մեր ձեռքերում է: Չնայած ամեն տեսակի դժվարություններին՝ մենք կարող ենք քայլել դեպի նոր իրականություն, ինչու չէ նաև ստեղծել այն», - ընդգծեց նա:
Տեսահոլովակում առկա են գայլերի կերպարներ, որոնք, ըստ Իվետա Մուկուչյանի, որոշակիորեն բնորոշում են իրեն.
«Գայլերը թեև բարեհամբույր են, այնուամենայնիվ, ինքնապաշտապանողական բնազդ ունեն, որն արթնանում է՝ տվյալ միջավայրին համապատասխան: Ու քանի որ գայլերը խմբերով են հանդես գալիս, այն համապատասխանեց երգի բովանդակությանը: Մենք միայն միասին պետք է փորձենք գնալ դեպի նոր իրականություն»: