26/09/2017 19:43
Խաչատրյանի փառատոնը կմեկնարկի հոլիվուդյան լեգենդ Ջոն Մալկովիչի ելույթով
Հոկտեմբերի 11-ին Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչի մասնակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի միջազգային 5-րդ փառատոնը։
Ջոն Մալկովիչը և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը համագործակցության մեծ փորձ ունեն. 2015 և 2016 թվականներին նրանք համատեղ հանդես են եկել Սեուլում և Բուենոս Այրեսում։
Ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչը դիրիժոր Սմբատյանի ղեկավարությամբ հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։ Մալկովիչը հատված կներկայացնի Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից, որը կուղեկցվի 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտով։
Որպես մենակատար հանդես կգա ճանաչված դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան։ Համերգային ծրագիրն ունենալու է հետաքրքիր ձևաչափ՝ միաձուլելով երաժշտությունը, գրականությունը, ասմունքն ու մեծ դերասանի կատարողական վարպետությունը։
Մինչև դեկտեմբերի 11-ը դասական երաժշտության սիրահարները Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակներում կունկնդրեն բազմաթիվ սիմֆոնիկ և կամերային համերգներ։ Նախատեսվում են նաև պրեմիերաներ: Կներկայացվեն Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան, «Խաչատրյանը և ջազը» համերգային նախագիծը, հետաքրքիր այլ ծրագրեր։ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը նվիրված է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին:
Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կյանքի են կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության և «Խաչատրյան» հիմնադրամի աջակցությամբ։