26/09/2017 15:45
Չեխիայի ՊՆ-ն ու հատուկ ծառայությունները պարզում են, թե ինչպես է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում
Չեխիայի Հանրապետության ԱԳՆ-ն, Պաշտպանության նախարարությունը և հատուկ ծառայությունները փորձում են պարզել, թե ինչպես են Ադրբեջանում հայտնվել Dana M1 տեսակի հաուբիցներ և RM 70 տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ շրջանցելով էմբարգոն:
Դրանք ներկայացվել են ադրբեջանական բանակի նորագույն գովազդային հոլովակներում, հայտնում է РИА Новости-ն հղում անելով ihned-ին: Անցյալ շաբաթ որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում նաև տեղեկատվություն է հայտնվել, որ սեպտեմբերի 18-ին Ադրբեջանում լայնածավալ զորավարժությունների ընթացքում նկատվել են չեխական հաուբիցներ և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
«Պետական մարմինները և հատուկ ծառայություները ինտենսիվ կերպով փորձում են պարզել, թե ինչպես է տվյալ սպառազինությունը հայտնվել Ադրբեջանում: Չեխիան պաշտոնապես պահպանում այդ երկիր մահացու զենքերի արտահանման էմբարգոն: Այդ զենքերը երկրից դուրս հանելու համար պահանջվում է ՆԳՆ-ի, ԱԳՆ-ի, ՊՆ-ի թույլտվությունը, նաև արդյունաբերության և առևտրի նախարարության արտոնագիրը», - ասված է ihned-ի հրապարակման մեջ:
Չեխիայի արդյունաբերության և առևտրի ղեկավար Իրժի Հավլիչեկը, ՊՆ և ԱԳՆ ներկայացուցիչներ Յան Պեշեկը և Իրենա Վալենտովան պարբերականին հայտնել են, որ տեղյակ չեն, թե ինչպես է սպառազինությունը հայտնվել Ադրբեջանում:
Dana M1-ի արտադրող Czechoslovak Group հոլդինգի ներկայացուցիչ Անդրեյ Չիթեկը պարբերականին հայտնել է, որ իր ընկերությունը տեխնիկայի վաճառքն իրականացնում է բոլոր օրենքներին և միջազգային կարգերին համապատասխան: