27/09/2017 12:12
«Մի բռնաբարեք իրավունքը», «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին». «Սասնա ծռերի» գործով փաստաբանների բողոքի ակցիան՝ դատարանում
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով փաստաբանները նիստին ներկայացել էին «Մի բռնաբարեք իրավունքը» գրությամբ շապիկներով: Դրանց վրա պատկերված էր նաև այս գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանի լուսանկարը, որի տակ նշված է. «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին»:
Փաստաբանները մտան դատարան, կանգնեցին այդ շապիկներով ու հերթով դուրս եկան:
«Փորձում ենք պատասխանատու անձանց համար որևէ կերպ ընկալելի դարձնել իրավիճակը, որպեսզի, ի վերջո, հասկանան, որ այն, ինչ անում են փաստաբանների նկատմամբ, դա անելու բան չէ, չի բխում իրավունքից, անհասկանալի է», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց ակցիային մասնակցած փաստաբաններից Երվանդ Վարոսյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է գրված «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին», փաստաբան Ինեսսա Պետրոսյանը պատասխանեց. «Որովհետև մեզ համար հասկանալի է, որ ինքն էլ պատանդ է դարձել այս գործի ձեռքը և ինքն էլ պետք է ազատվի այս ամենից: Նա, որպես նախագահող դատավոր, չկարողացավ այս գործերը վարել, չկարողացավ լինել իր դիրքում»:
Փաստաբան Արա Զաքարյանը հայտարարեց, որ ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, մինչև իրենք հնարավորություն ու պայմաններ ունենան, որպեսզի կարողանան պաշտպանություն իրականացնել:
Նկատենք, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը, առանց դատական նիստերի դահլիճ ներկայանալու փոխանցել էր, որ դատական նիստը հետաձգվում է՝ «փաստաբանների չներկայանալու հիմնավորմամբ»:
Փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքով՝ փաստաբանների ներկայանալ-չներկայանալու վերաբերյալ առանց հավաստի տեղեկություն ունենալու, դատավորը հետաձգել է նիստը: «Միգուցե մենք մանսակցում էինք նիստին: Դատավորի այս քայլը մի բան է փաստում՝ դատարանը չի ցանկանում շարունակել դատը ու շարունակում է իր ապօրինի գործողությունների շարքը», - հայտարարեց Պապիկյանը: