27/09/2017 12:44
ՏՏ ոլորտի աճի տեմպերով Հայաստանը գտնվում է միջին ցուցանիշից բարձր դիրքերում. Վահան Մարտիրոսյան
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տարեկան աճը կազմում է 20-25 տոկոս, իսկ այս 7 ամսվա ընթացքում աճը կազմել է 35 տոկոս, «Արմթեք 2017» համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
«Նախատեսում ենք ավելի բարձր տեմպեր ապահովել։ Դա նախևառաջ պայմանավորված է արտասահմանյան ընկերությունների ներդրումային ծրագրերի հետ։ Ավելի մեծացել է պայմանագրային հարաբերությունները դրսի ընկերությունների հետ, և այն շարունակ աճում է», - ասաց Վահան Մարտիրոսյանը։
Նախարարը նշեց, որ թեև ամբողջ աշխարհում է աճի տեմպը բարձր, բայց Հայաստանը գտնվում է միջին ցուցանիշից բարձր դիրքերում։
Վահան Մարտիրոսյանն ասաց նաև, որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները տնտեսության բոլոր ոլորտներ են ներխուժել՝ սկսած գյուղատնտեսությունից մինչև տիեզերական ուսումնասիրություններ։
Նախարարի խոսքով՝ ոլորտի ներկայացուցիչների հետ հաճախ են հանդիպում և՛ ինքը, և՛ վարչապետը։
«Քննարկումների ընթացքում գալիս ենք ինչ-որ եզրակացության։ Իհարկե, այսօր ոլորտն ունի հարկային արտոնություններ, սակայն նայում ենք նորից նոր արտոնություններ տրամադրելու հարցին», - ասաց նախարարը՝ ընդգծելով, որ արտոնություններ տրամադրելը միակ նպատակը չէ, զարգացման ուրիշ գործոններ էլ են կան։