27/09/2017 14:39
Հայաստանը ԵԱՏՄ-ում անելիք չունի, այն սպառնալիք է ռազմաքաղաքական ու տնտեսական անվտանգության համար. Փաշինյան
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում պնդեց, որ ԵԱՏՄ-ի կազմում Հայաստանն անելիք չունի։
«Մենք՝ «Ելք» դաշինքի ներկայացուցիչներս, համոզված ենք, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում անելիք չունի և ԵԱՏՄ անդամակցությունը լրջագույն սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի ռազմաքաղաքական ու տնտեսական անվտանգության համար», - ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Ն.Փաշինյանը։
Նրա խոսքով, ԵԱՏՄ անդամակցությունից կանխատեսվող սպառնալիքները արդարացվել են, և պաշտոնական վիճակագրությամբ թաքցվում է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը առևտրաշրջանառության զգալի նվազում է ունեցել։
«Էս ի՞նչ տնտեսական միություն է, որտեղ միայն անկումներ են արձանագրվում», - հարցադրում արեց Ն.Փաշինյանը։
Ըստ պատգամավորի՝ ԵԱՏՄ-ի անդամակցությունը բացասաբար է ազդել Հայաստանի վրա նաև քաղաքական առումով. «Քաղաքական առումով ևս նեգատիվ է ազդեցությունը այդ միության, քանի որ մեր գործընկերների կողմից տեսնում ենք արհամարհական վերաբերմունք մեր ինքնիշխանության նկատմամբ, ցինիկ միջամտություն ՀՀ ներքին գործերին։ ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ սպառնալիք է»։
Ն.Փաշինյանը նաև հստակեցրեց, որ ԱԺ Ժամանակավոր հանձնաժողովը պետք է պարզի՝ արդյոք Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հեռանկար ունի՞, թե՞ ոչ։