27/09/2017 14:54
Մարդիկ կային, ովքեր չէին ուզում իրենցից առաջ ինձ տեսնել. Արմեն Մարգարյանը՝ վաստակավոր արտիստի կոչում ստանալու մասին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարգարյանը պարգևատրվեց ՀՀ վաստակավոր արտիստի կոչմամբ: Ի դեպ, դեռևս մի քանի տարի առաջ էր թատրոնն այս դերասանի անունը ներկայացրել կոչման համար:
Aysor.am-ը Արմեն Մարգարյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորում տարիներ շարունակ անտեսված հայտն ու ինչպե՞ս է իրեն զգում կայացած դերասանն արդեն վաստակավորի կարգավիճակում:
«Հիմա արդեն ամեն ինչ ետևում է: Աստված կամեցավ, և եղավ այն, ինչ պետք է լիներ: Մարդիկ կային, ովքեր չէին ուզում իրենցից առաջ ինձ տեսնել, բայց եկան այն մարդիկ, ովքեր չզլացան…. Ինչ վերաբերում է զգացողություններին, ինչ խոսք, հաճելի է գնահատված լինելը: Պարզվում է՝ կայացած լինելը դեռ քիչ է, առավել ևս՝ դերասանի մասնագիտության մեջ: Այս կոչումը շատ պարտավորեցնող է: Ինձ թվում էր՝ վաստակավոր դառնալուց հետո, վերջապես, կհանգստանամ, բայց արի ու տես՝ անհանգստությունն ավելանում է ամեն մի նոր աշխատանքից առաջ», - նկատեց մեր զրուցակիցը:
Վերջին տարիներին հաճախ է խոսվում այն մասին, որ ժամանակ առ ժամանակ կոչման են արժանանում մարդիկ, ովքեր արվեստի բնագավառում ներդրած ավանդով աչքի չեն ընկնում: Շատ վաստակաշատների այս հանգամանքը մտահոգում է և իրենց աշխատանքը մատնանշող պարգևը՝ արժեզրկում: Նման մոտեցումը նաև Արմեն Մարգարյանի սրտով չէ:
«Իհարկե, այդ տենդենցն ինձ անհանգստացնում է: Ի վերջո, կոչումը ոչ թե ճանաչված լինելու համար է, այլ նրա, թե տվյալ ստեղծագործողը ինչպիսի գեղագիտական, մշակութային ճաշակ է թելադրում հասարակությանը, ինչ ներդրում ունի եկող սերնդի դաստիարակության մեջ… Ուղղակի ես չափազանց համեստ եմ այս պահին որևէ մեկին գնահատական տալու համար», - նշեց նա:
Արմեն Մարգարյանին վաստակավոր արտիստի կոչման կապակցությամբ շնորհավորել են ընտանիքի անդամներն ու ընկերները, որոնց շրջապատում էլ անցկացրել է տոնական իր օրը:
«Օրս անցկացրել եմ իմ հաջողություններով ուրախացող մարդկանց շրջապատում: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ համար անկեղծ ուրախացան, իսկ այդպիսիք, փառք Աստծո, շատ են», - զրույցը եզրափակեց ՀՀ վաստակավոր արտիստը: