27/09/2017 17:23
Վահան Արծրունու՝ սեպտեմբերի 29-ին «Զվարթնոցում» կայանալիք «ՄԱՇՏՈՑ ԿՈՄԻՏԱՍ» համերգային նախագծի չեղարկման պատճառը հայտնի է
Կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու «ՄԱՇՏՈՑ ԿՈՄԻՏԱՍ» համերգը, որը նախատեսված էր սեպտեմբերի 29-ին՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանի տարածքում, չի կայանալու: Այս մասին տեղեկանում ենք կոմպոզիտորի ֆեյսբուքյան էջից, որի միջոցով վերջինս նաև ներողություն է հայցում տոմսերը գնած իր հանդիսատեսից:
«Սեպտեմբերի 26-ին, մեր տարիներով նախապատրաստված, փայփայած սեպտեմբերի 29-ի «ՄԱՇՏՈՑ ԿՈՄԻՏԱՍ» համերգը Զվարթնոցում հանված է՝ չի կայանա։ Երկու օր առաջ ինձ զանգահարում է Մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ից պատասխանատու անձ և մի տեսակ լարված հայտարարում, որ իրենց տարածքում ես կազմակերպում եմ համերգ, ես ուղղորդում եմ նրան համերգի կազմակերպչի հասցեով։ Հաջորդ օրը կազմակերպչից տեղեկանում եմ, որ համերգը տեղի չի ունենա։ Հետևություններ չեմ ուզում անել, էլ սիրտ չունեմ՝ ամենը պարզից պարզ է», - նշել է երգիչը:
Ի դեպ, այդ տարածքում hամերգի կազմակերպման առաջարկը նա ժամանակին ստացել է Մշակույթի նախարարությունից՝ փոխնախարար Արև Սամուելյանի միջոցով: Արտիստի խոսքերով՝ այդ որոշումից հետո նախարարությունն իր հետ այս թեմայով այլևս որևէ կոնտակտ չի հաստատել, ինչի պատճառով էլ որոշել է համագործակցությունը շարունակել «Շարմ» ընկերության հետ:
«Նպատակս, բնականաբար, ոչ թե Մշակույթի նախարարության հետ համագործակցելը, այլ համերգը կայացնելն էր, ու ես սկսեցի համագործակցել «Շարմ» ընկերության հետ: Ես ինձ վրա վերցրեցի ստեղծագործական բոլոր խնդիրները, «Շարմ»-ը՝ կազմակերպչական», - Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց Վ. Արծրունին:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից մեզ տեղեկացրեցին, որ սեպտեմբերի 29-ի համերգի չեղարկումը իրեց հետ պայմանագրի բացակայությունն ու «Շարմի» կողմից՝ օրվա փոփոխությունն է:
«Ընդամենը միայն գովազդից տեղեկանալով, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանի տարածքում սեպտեմբերի 29-ին համերգ է նախատեսված՝ ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սյուզան Սարգսյանը զանգահարել է Վահան Արծրունուն՝ տեղեկացնելու, որ հուշարձանի տարածքում նման միջոցառում անցկացնելու մասին ո′չ պայմանագիր կա կնքված, և ո′չ էլ ՊՈԱԿ-ը տեղեկացված է։ Արծրունին նրան խորհուրդ է տվել դիմել համերգի կազմակերպիչ «Շարմ» հոլդինգին՝ ասելով, որ ինքն ընդամենը հրավիրված է։
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Արա Թարվերդյանն այս զրույցից հետո զանգահարել է «Շարմի» ֆինանսական տնօրենին։ Վերջինս նրան տեղեկացրել է, որ իրենք տեղափոխել են համերգի օրը։
Ամեն դեպքում, որևէ պայմանագիր մինչ օրս կնքված չէ։ Իսկ պայմանագիրը նաև ենթադրում է ծառայությունների մատուցում՝ անվտանգության, էլեկտրաէներգիայի ապահովում, աշխատակիցների ներկայություն, համերգների համար անհրաժեշտ այլ պարագաներ», - նշված է պարզաբանման մեջ: