27/09/2017 23:41
12 տարի անց կրկին դառնալ աշխարհի գավաթակիր... Լևո՜ն ջան, հիանում ենք քեզանով. Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանին՝ աշխարհի գավաթակիր դառնալու առթիվ:
«12 տարի անց կրկին դառնալ աշխարհի գավաթակիր... Լևո՜ն ջան, հիանում ենք քեզանով։ Այս խաղի հանդեպ ցուցաբերած քո վճռականությունն ու հավասարակշռվածությունը հրաշալի օրինակ և ոգեշնչման աղբյուր է երիտասարդ հայ շախմատիստների համար։ Դու ևս մեկ անգամ բարձր պահեցիր մեր երկրի անունն ու ստիպեցիր բոլորիս լցվել հպարտության զգացումով։ Կեցցե՜ս»,-Facebook-յան իր էջում գրել է վարչապետը:
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթեց և դարձավ աշխարհի գավաթակիր։
Առաջին անգամ Արոնյանը դարձել է աշխարհի գավաթակիր 2005 թվականին:
Շախմատի աշխարհի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 1,6 մլն դոլար: Եզրափակչում միմյանց դեմ մրցել են չինացի Դին Լիժենը և Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Շախմատային պարտիան ավարտվել է հօգուտ Լևոն Արոնյանի, որը աշխարհի գավաթի կրկնակի չեմպիոն է դարձել:
Արոնյանը ստացել է 96 հազար դոլար, իսկ նրա մրցակից չինացի Դին Լիժենը՝ 64 հազար դոլար: