28/09/2017 13:20
Քննարկել այն, ինչը մշակվում է արդարադատության նախարարությունում, ոչ թե անհայտ ծագումնաբանությամբ փաստաթղթեր. Դավիթ Հարությունյան
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ բուռն քննարկումների առիթ դարձած «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախագծին՝ ասելով, թե այն, ինչն առաջացրել է բուռն քննադատություն, ունի որոշ չափով անհայտ ծագումնաբանություն։
Նախարարն ասաց, որ ընդհանրապես անհրաժեշտ է քննարկել այն, ինչը քննարկվում է և պատրաստ է քննարկման։
«Իսկ եթե տարբեր անձանց կողմից հնչած տարբեր գաղափարների հավաքածուի վերաբերյալ քննարկում է իրականացվում, հետո դա սկսում է քննադատվել, ես չգիտեմ, թե ինչ պետք է ես ներկայացնեմ», - ասաց Դավիթ Հարությունյանը։
Տեղեկատվության ազատության մասին օրենքի վերաբերյալ աշխատանքներ, ըստ նախարարի, տարվում են։
«Միանշանակ, աշխատանքներ տարվում են, և հենց մոտեցումները պատրաստ լինեն, դրանք կներկայացվեն հանրությանը, հատկապես լրատվամիջոցներին, որոնք տեղեկատվության վերաբերյալ հարցերի առաջին պահանջատերն են», - ասաց Դավիթ Հարությունյանը՝ ավելացնելով, թե առանց հանրային քննարկման որևէ նման նախագիծ առաջ գնալ չի կարող։
«Բայց պետք է քննարկվի այն նախագիծը, որը մշակվում և ներկայացվում է արդարադատության նախարարությունում, այլ ոչ՝ անհայտ ծագումնաբանությամբ փաստաթղթեր», - ընդգծեց Դ. Հարությունյանը։