28/09/2017 14:55
Այդ որակի մրցակցության մեջ չեմ մտնի. 26 տարի առաջ վաստակավոր արտիստ դարձած Ջուլիետա Ստեփանյանը ժողովրդական արտիստի կոչման մասին չի էլ մտածում
Արտիստների աշխատանքներն ընդգծող ու բնութագրող կոչումների շնորհումը վերջին տարիներին ամենաքննարկվողն են դարձել: Տարիքո՞վ, աշխատասիրությա՞մբ, թե՞ տաղանդով են որոշում՝ ով է վաստակավորի ու ժողովրդականի լիակատար կրողը:
Հաճախ տեղին է մի ամբողջ կյանք թատրոնների բեմերում անցկացրած այն արտիստների վրդովմունքը, ովքեր այդպես էլ պետական մրցանակների չեն արժանանում: Այնինչ, նկատում են, 10-15 տարի լոսանջելեսյան բեմերում հայկական մշակույթն աղավաղելով կարգին փող դիզողներն արդեն վաղուց տիտղոսակիրներ են:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանն անկախ Հայաստանի առաջին վաստակավոր արտիստներից է: Կոչման արժանացել է 1991 թվականին: 66-ամյա դերասանուհին իր բեմական կյանքի 40-ից ավել տարիների ընթացքում հայ, ռուս և համաշխարհային հեղինակների հայտնի գործերում մարմնավորել է առաջատար կերպարների` Լեդի Միրֆոլդ (Լեդի Միրֆոլդ), Շամիրամ (Արա Գեղեցիկ), Լեդի Մակբեթ` (Լեդի Մակբեթ), Մարգրեթ (Ռիչարդ Երրորդ), Օլգա (Այգի առանց հողի)…
Սունդուկյան թատրոնում աշխատելուն զուգահեռ 2010 թվականից աշխատում է նաև Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Aysor.am-ի դիտարկմանն՝ արդյոք 26 տարի անց չի մտածում ժողովրդական արտիստի կոչման մասին, նկատեց.
«Ցավոք, ես այդ հարցի պատասխանը չունեմ: Երբեք ինձ թույլ չեմ տա «պայքարի մեջ մտնել»՝ հանուն կոչման: Եթե Աստված ցանկանա ու արժանի գտնի՝ կստանամ: Հիմա դերասաններն ընկնում, ամեն մեկն իր համար թղթեր, ստորագրություններ է հավաքում, որպեսզի նախարարությանը ներկայացնի: Ես երբեք նման բաներ չեմ անի, այդ որակի մրցակցության մեջ չեմ մտնի»:
26 տարիների ընթացքում կոչումների արժեհամակարգը փոփոխություն է կրել. Ջուլիետա Ստեփանյանի բնորոշմամբ՝ վաստակավորի կոչումն այսօր դարձել է «ճաշի միջի լոբի»:
«Լիքը լցնում են, հաշիվ չունի, ու ով ոնց պատահի՝ բաժին է հանում իրեն: Չափանիշների այնպիսի խախտում կա, որ էլ ասելու չի: Ոչինչ չունեմ ասելու, բոլորն էլ իմ կոլեգաներն են, բայց կան արժանիներ ու ոչ այնքան, սական բոլորին նույն «ավելի տակ» տալիս են… Ամեն դեպքում, ինձ համար կարևոր է այն, որ ես իմ մասնագիտության, արվեստի, մշակույթի ճիշտ կրողը լինեմ: Մնացած ամեն բան երկրորդական է», - խոսքը եզրափակեց Ջուլիետա Ստեփանյանը: