28/09/2017 14:21
«Սասնա ծռերի» փաստաբանները դժգոհ են դատավորի անսպասելի որոշումից
Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով դատական նիստը մեկնարկեց անսպասելի լուրով. դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ գնում է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու: Իսկ երբ վերադարձավ խորհրդակցական սենյակից, հայտարարեց, որ 18 ամբաստանյալներից 11-ի վերաբերյալ քրեական գործն անջատվել է և կտեղափոխվի այլ դատավորի վարույթ: Առայժմ հայտնի չէ, թե ով է լինելու այդ դատավորը:
«Դատարանը որոշեց գործից անջատել Արամ Մանուկյանին, Հակոբ Թամրազյանին, Տիգրան Մանուկյանին, Սերգեյ Կյուրեղյանին, Թորոս Թորոսյանին, Գևորկ Իրիցյանին, Հովհաննես Հարությունյանին, Արայիկ Հակոբյանին, Մարտիրոս Հակոբյանին, Արամ Հակոբյանին և Վարդան Գերավետյանին վերաբերող մասերը», - հայտարարեց դատավորը: Նա տեղեկացրեց, որ մյուսների մասով քրեական գործը կմնա իր վարույթում:
«Տարբեր դատավորների մոտ նույն գործը քննել նույն ապացույցների շրջանակում, սա իհարկե, խոչընդոտելու է արդար դատաքննության իրավունքը: Կխոչընդոտի այնպես, որ ըստ էության, նույն ապացույցները տարբեր դատարաններում պետք է հետազոտվեն, ինչն անիմաստ է», - այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Նրա խոսքով՝ որոշվել է, որ Արտուշ Գաբրիելյանը չքննի այս գործը, բայց որպեսզի ինքը ինքնաբացարկ չհայտնի, ընտրվել է այս տարբերակը: Ընդ որում, նրա խոսքով, այդ որոշումը այլ ատյաններ են կայացրել, բայց ոչ Արտուշ Գաբրիելյանը:
Նկատենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների փաստաբանները այսօր էլ, ինչպես երեկ, դատարան ներկայացել էին «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին» և «Մի բռնաբարեք իրավունքը» գրությամբ շապիկներ հագած:
Փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ այս որոշմամբ Արտուշ Գաբրիելյանն իրեն մասնակի ազատություն պարգևեց՝ անսալով փաստաբանների պահանջին:
«Արտուշ Գաբրիելյանը եթե նկատել եք, իրեն պահեց այն անձանց վերաբերող գործերը, որոնք թեթև էին և որոնք այս գործով առանցքային անձինք չէին», - ասաց Սահակյանը:
Նրա խոսքով՝ երբ երկու դատավոր գործուղվեցին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ենթադրվում էր, որ Գաբրիելյանը ինքնաբացարկ կհայտնի, սակայն այդպես չեղավ:
«Այժմ ստացվում է, որ կա «Սասնա ծռերի» վերաբերյալ 3 գործ, ինչն անընդունելի է, որովհետև ի սկզբանե էլ չպետք է անջատվեր երկու մասի, հիմա արդեն՝ երեք մասի: Անտրամաբանական որոշում է: Անջատ քննության դեպքում խախտվելու են անձանց իրավունքները», -հայտարարեց Սահակյանը: