28/09/2017 17:55
Թուրքիան պետք է հեռու մնա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման գործընթացից. Շավարշ Քոչարյան
Առաջին անգամ չէ, որ Թուրքիան վնասակար փորձեր է կատարում միջամտելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում, պատասխանելով «Արմենպրես» գործակալության հարցին՝ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
«Հենց դա այն պատճառներից է, որը թույլ չի տալիս հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրել, և հենց Անկարայի այս միակողմանի, ապակառուցողական և ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահների դիրքորոշումներին դեմ գնացող մոտեցման պատճառով է, որ Հայաստանը մշտապես կոչ է արել Թուրքիային հեռու մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման գործընթացից», - նշել է ՀՀ փոխարտգործնախարարը։
Նշենք, որ Ադրբեջանում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին Արցախի հարցում աջակցություն է հայտնել Ադրբեջանին: