28/09/2017 19:25
Պլանավորել ընդամենը 3.2 տոկոս տնտեսական աճ, հետո գերակատարել, բավականին հաճելի է հնչում. Տնտեսագետ
Պլանավորել ընդամենը 3.2 տոկոս տնտեսական աճ և հետո դա գերակատարել, բավականին հաճելի է հնչում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանըч անդրադառանալով ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հայտարարությանը, թե մինչև տարեվերջ նախատեսված 3,2 տոկոսի փոխարեն կլինի 4,3 տոկոս տնտեսական իրական աճ։
«Հաշվի առնելով մեր տնտեսության փոքր ծավալները և այն խնդիրները, որ առկա են, նույնիսկ 6 տոկոս տնտեսական աճի պայմաններում, մենք որևէ լուրջ ձեռքբերում չենք ունենա», - ասաց նա։
Առաքելյանի խոսքով՝ համախառն ներքին արդյունքը 10 միլիարդ դոլարի շրջանակում է, և այդ 3 կամ 4 տոկոս տնտեսական աճն իրենից ենթադրում է, որ տարվա ընթացքում մոտավորապես 300 միլիոն դոլարից ավելի արժեք է ստեղծվել երկրում, որը բավականին փոքր թիվ է Հայաստանի հնարավորությունների շրջանակում։
«Իսկ դրա արդյունքը բյուջետային մուտքերի, եկամուտների կամ հասարակության բարեկեցության վրա շատ չնչին է, հետևաբար, նման ցուցանիշներ ամրագրել և հետո դրանք գերակատարել, չեմ կարծում, որ կարելի է լուրջ ձեռքբերում համարել։ Չմոռանանք, որ 2016 թվականը տնտեսական առումով բավականին բարդ տարի էր, և այն փակեցինք զրոյական աճով, հիմա, 2016 թվականի համեմատ 4 տոկոս աճ ապահովելն իրականում շատ ավելի հեշտ է», - նշեց Մեսրոպ Առաքելյանը։
Քաղաքացիների կյանքի որակում, ըստ տնտեսագետի, սպասվելիք տնտեսական աճից փոփոխություն չի լինի, քանի որ, ըստ նրա, հասարակությունը տարեցտարի ավելի վատ է ապրում։
«Դրա գլխավոր ցուցիչը արտագաղթն է, իսկ այս պահին արտագաղթի գլխավոր գործոնը սոցիալական է։ Եթե 90-ականներին պատերազմն էր, այսօր մարդիկ ուղղակի չեն կարողանում իրենց օրվա հացը վաստակել։ Ավելի լավ է տնտեսական աճը լինի բավականին ցածր, սակայն ունենա էական ազդեցություն հասարակության բարեկեցության վրա, քան ընդամենը մեկ-երկու ճյուղի, մեկ-երկու ընկերության տնտեսական գործունեության աճի հաշվին ապահովել նման տնտեսական աճ», - ասաց Մեսրոպ Առաքելյանը։