28/09/2017 19:01
Որպես հայ՝ չեմ ամաչի, որ Հայաստանն Օսկարում այսպիսի ֆիլմ ներկայացնի. Վիգեն Չալդրանյանը՝ «Եվա» ֆիլմի մասին
Ընտրության հնարավորություն չկար, տրամաբանական էր, որ օսկարյան միակ թեկնածուն «Եվա»-ն էր, Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Հայաստանը ներկայացնող «Եվա» գեղարվեստական ֆիլմին, ասաց կինոակադեմիայի նախագահ, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Չալդրանյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ այս ֆիլմը ևս արժանանա նախորդ տարի ներկայացված Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» հայ-ռուսական ֆիլմի ճակատագրին, մերժվի զուտ հայկական արտադրություն չորակվելու պատճառով, Վ. Չալդրանյանն ասաց, որ այս դեպքում ոչ միայն թեման է հայկական, այլև՝ բոլոր դերասանները հայեր են, ռեժիսորն ու կոմպոզիտորը՝ նույնպես, դեպքերն էլ զարգանում են Հայաստանում, նկարահանումները բացառապես Հայաստանում են կատարվել:
«Այս հանգամանքը մեզ իրավունք է տալիս ֆիլմը ներկայացնելու Հայաստանի կողմից: Պարզապես չգիտենք՝ ամերիկյան կիոակադեմիան հաշվի կառնի ռեժիսորի հայկակա՞ն, թե՞ պարսկական քաղաքացիությունը, այս ֆիլմը և՞ս կհամարի համատեղ, թե՞ կորոշեն, որ հայկական մասը գերակշռող է», - ասաց նա:
Նշենք, որ այսօր Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստում քվեարկությամբ որոշվել է՝ «Օսկար» ամերիկյան 90-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Հայաստանը կներկայացվի հայ-իրանական առաջին համատեղ արտադրության «Եվա» գեղարվեստական ֆիլմով, որի ռեժիսորը իրանահայ Անահիտ Աբադն է:
Հայտ ներկայացրած մյուս ռեժիսորը Ջիվան Ավետիսյանն էր՝ «Վերջին բնակիչը» ֆիլմով: Սակայն, ելնելով կինոակադեմիայի ընդունած օրենքից, նախորդ տարի ներկայացված և մերժված ֆիլմը ևս մեկ անգամ չէր կարող հայտագրվել:
Այնուամենայնիվ, Վ. Չալդրանյանը չբացառեց, որ ֆիլմի հայ-իրանական համատեղ արտադրության հանգամանքը կարող է նպաստել «Օսկարի» կողմից ֆիլմի մերժմանը: Սակայն, նրա խոսքով, չի կարելի հետ քայլ անել, ֆիլմ չուղարկել՝ մտավախություն ունենալով, թե այն «Օսկարի» արժանի չէ, դա կարող է հաջորդ տարի մեզ փակուղու առջև կանգնեցնել:
«Եթե չափազանց քննադատաբար մոտենանք ու մասնակցության հայտ չուղարկենք, կզրկվենք հաջորդ տարվա մասնակցությունից: Այդպիսին է կանոնադրությունը… Բոլորս էլ գիտենք մեր ֆիլմարտադրությունը, ամեն տարի չի, որ գլուխգործոցներ են ստեղծվում: Պետք չէ հուսալ, թե ամեն տարի մենք կունենանք համաշխարհային հեղինակավոր մրցանակաբաշխությանն արժանի ֆիլմ: Բայց պետք է շարունակել մասնակցել. Ո՞վ գիտի, գուցե մի օր այդ ֆիլմը ծնվի՞», - հույս հայտնեց նա:
Անդրադառնալով ֆիլմի որակին՝ ՀՀ վաստակավոր գործիչը նշեց, որ կարծիքները երկու մասի են բաժանվում՝ մի մասը չէր հավանում, մյուս մասը՝ դժգոհ չէր:
«Անձամբ ես գտնում եմ, որ դա կինո է, իսկ մենք վաղուց ստեղծում ենք ամեն ինչ, բացի՝ մաքուր ու պրոֆեսիոնալ կինոյից: Հաշվի առնելով դերասանական խաղը, օպերատորական հետաքրքիր աշխատանքը, բազմաթիվ թերություններով անգամ այս ֆիլմը պրոֆեսիոնալ է: Որպես հայ, չեմ ամաչի, որ այսպիսի ֆիլմը «Օսկար»-ում ներկայացնի Հայաստանը: Շատ ուրախ կլինեինք, եթե լիներ ոչ համատեղ, այլ մաքուր հայկական կինո, բայց, ինչ արած, ասպես ստացվեց», - եզրափակեց խոսքը Վ. Չալդրանյանը:
Կընդգրկվի՞ «Եվա» ֆիլմը «Օսկար 2018»-ում, պարզ կլինի աշնան վերջին: