29/09/2017 09:59
ՊԵԿ-ը ռեկետ է անում. «Ժամանակ»
Պետեկամուտների կոմիտեն շարունակում է հսկիչ գներ կիրառելու և ներկրողների ներկայացրած հաշիվ-ապրանքագները չընդունելու իր գործելաոճը։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գործարարներից մեկը, ում անունը առայժմ չենք հայտնում, ԵՏՄ երկրներից ներկրված իր ավիաբեռը տևական ժամանակ է, ինչ չի կարողանում մաքսազերծել, քանի որ ՊԵԿ-ը նրանից պահանջում է կա՛մ ավելի բարձր գնով հաշիվ-ապրանքագիր ներկայացնել, կա՛մ սպառնում է կիրառել իր հսկիչ գինը՝ բնականաբար, ավելի բարձր, որպեսզի հնարավորինս շատ մաքսատուրք պոկի։
«Ինչպես հայտնի է, մաքսազերծման դեպքում ներկրողները գործ են ունենում բեռնափոխադրող-կարգոների հետ, որոնց աշխատանքն իր ձեռքում է կենտրոնացրել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ «Գազպրոմ-Արմյենիայի» նախկին գլխավոր հաշվապահ Արմեն Ունանյանի միջոցով, որին իր հետ այդ համակարգ է տեղափոխել։ Իսկ տվյալ ավիաբեռի մաքսազերծումը ոչ միայն ուշացնում են, այլև ներկրող գործարարին հետապնդում են քննչական ծառայությունների միջոցով», - գրել է թերթը։