29/09/2017 15:42
Հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, որովհետև ոչ միայն երկրները, այլև հասարակ քաղաքացիները բարձր գին են վճարում դրանց համար. Քրիստիան Վիգենին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին:
ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ ներկայացուցիչների այցելությունները տարածաշրջան հնարավորություն կտան տեղում ծանոթանալու տարածաշրջանային խնդիրներին, անաչառ պատկերացում կազմելու դրանց մասին:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ նշելով. «Մեզ համար մարդը մեծագույն արժեք է. ամեն ինչ ստեղծվում է նրա շուրջ: Կարևոր է նաև մարդու իրավունքի պաշտպանությունը: Որպես բժիշկ, որը պայքարել է հանուն մարդկային կյանքերի փրկության, ես հավասարապես ցավում եմ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից զոհվող երիտասարդների համար»:
ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է մարդու՝ անվտանգ ու խաղաղ ապրելու իրավունքը՝ կարծիք հայտնելով, որ երկու ժողովուրդներն էլ կցանկանան հաստատել խաղաղություն և շփման գծում չունենալ զոհեր: Ըստ ՀՀ ԱԺ նախագահի՝ ԼՂ հակամարտությունը պիտի դիտարկել ոչ թե տարածքային, այլ մարդու իրավունքների տեսանկյունից՝ հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման և ազատ ապրելու իրավունքը:
Քրիստիան Վիգենինն էլ ընդգծել է, որ հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, որովհետեւ ոչ միայն երկրները, այլև հասարակ քաղաքացիները բարձր գին են վճարում դրանց համար:
Քրիստիան Վիգենինը նշել է, որ իր նպատակներից պիտի լինի Հայաստանը ճանաչելի դարձնել ոչ միայն ԼՂ հակամարտությամբ, այլև որպես երկիր, որտեղ կա ժողովրդավարական առաջընթաց, տեղի են ունեցել սահմանադրական բարեփոխումներ: