29/09/2017 19:01
ԼՂ հիմնահարցը պետք է դիտարկել մարդու իրավունքների տեսանկյունից. չէ՞ որ ամեն ինչի կենտրոնում մարդն է՝ անկախ ազգությունից և կրոնից. Արա Բաբլոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտագնա նիստին, տեղեկացնում են ԱԺ հանրային կապերի վարչությունից:
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպման ընթացքում կարևորել է անվտանգության և խաղաղության դերը մեր տարածաշրջանում ապրող ժողովուրդների համար: Արա Բաբլոյանն ընդգծել է ՀԱՊԿ գործունեության արդյունավետության և հեղինակության բարձրացման կարեւորությունը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ անվտանգության մասին խոսելիս պիտի հաշվի առնել թե՛ արտաքին, թե՛ ներքին գործոնները եւ օժանդակել, որպեսզի մասնակից երկրները գիտակցեն կազմակերպության նշանակությունն անվտանգության պահպանման հարցում:
Ըստ աղբյուրի, Արա Բաբլոյանը նշել է. «Չկան հարցեր, որոնք հնարավոր չէ լուծել խաղաղ ճանապարհով, պետք է քաղաքական կամք ու երկխոսելու ցանկություն, եւ ամենաբարդ հարցերն անգամ լուծումներ կստանան»:
ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է ՀԱՊԿ անդամ պետությունների համաձայնեցված քայլերը, կառուցողական մոտեցումներն ու միջազգային հարթակներում համագործակցելու անհրաժեշտությունը:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Արա Բաբլոյանը նշել է. «ԼՂ հիմնահարցը պետք է դիտարկել մարդու իրավունքների տեսանկյունից. չէ՞ որ ամեն ինչի կենտրոնում մարդն է՝ անկախ ազգությունից և կրոնից»:
Հանդիպման ավարտին ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության անդամներն Արա Բաբլոյանին են ներկայացրել իրենց դիտարկումները՝ կազմակերպության գործունեության, մասնակից երկրների միջև համագործակցության և իրենց համար օրակարգային հարցերին ընդհանուր մոտեցումներ ցուցաբերելու անհրաժեշտության վերաբերյալ: