29/09/2017 16:13
Երևանի ծննդյան տոնի համար բյուջեից կծախսվի շուրջ 80 մլն դրամ
Այս տարի հոկտեմբերի 14-ին Երևանում կտոնեն մայրաքաղաքի հիմնադրման 2799-ամյակը: Այս տարվա տոնակատարությունները մեկնարկելու են հոկտեմբերի 2-ից, շարունակվելու են մինչև հոկտեմբերի 10: Տոնակատարությունների խորագիրն է «Երևան՝ սիրո քաղաք», - այսօր լրագրողներին տեղեկացրեց Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:
Նրա փոխանցմամբ՝ տոնակատարությունների ծրագիրն ունի 4 բաղադրիչ՝ «Տես Երևանը», «Զգա Երևանը», «Լսիր Երևանը» և «Սիրիր Երևանը»:
Ներկայացնելով գեղարվեստական ծրագիրը՝ պաշտոնյան տեղեկացրեց, որ լինելու են բազմաժանր բեմահարթակներ, որոնց վրա հնչելու է ջազ, ռոք, բարդ երաժշտություն, ինչպես նաև լինելու են պարեր: Բացի այդ, Ազատության հրապարակում կցուցադրվեն ամենատարբեր սպորտաձևեր: «Սպասվում է լուրջ և մշակութային միջոցառում», - խոստացավ Սուքիասյանը:
«Խելացի Երևան» ծրագրի շրջանակներում ներկայանալու են տարբեր դպրոցների խելացի պատանիները, որոնք կներկայացնեն ինտերակտիվ մոտեցումներն ու մտահղացումները:
«Սիրով Երևանից» ծրագրի շրջանակներում լինելու են ֆլեշմոբներ Երևանի տարբներ հատվածներում, որոնց մասին Սուքիասյանը ոչինչ չասաց՝ նշելով, որ բնակիչների համար դա անակնկալ է:
Ազգային խաղերի ու ուտեստների փառատոն կլինի Էրեբունի փողոցում: Օրը կամփոփեն տոնական հրավառությամբ: 20 տարբեր քաղաքից լինելու են հյուրեր:
Ընդհանուր առմամբ, Երևանի ծննդյան տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումների համար ծախսվելու է 60-80 մլն դրամ, այն դեպքում, երբ նախորդ տարի բյուջեով նախատեսված է եղել 130 մլն դրամ:
«Այս տարի նախատեսված էր 80 մլն դրամ, հայտարարված է մրցույթը, և ես կարծում եմ, որ այն 60 մլն-ը չի գերազանցի: Որոշ կազմակերպություններ տեղադրում են բեմահարթակներ, որոշներն այլ աջակցություն են ցուցաբերում: 60 մլն ենթադրյալ գումարը մեծ հաշվով անբավարար կլիներ, եթե չլինեին մեր գործընկերները», - հավելեց Սուքիասյանը: